Երևանի Պուշկինի անվան դպրոցի աշակերտները առավոտից դասադուլ են իրականացնում
Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են իրականացնում առավոտից. նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։
NEWS.am–ի թղթակցին աշակերտների ծնողները պատմել են, որ ստորագրահավաք են կազմակերպել տնօրենին աշխատանքից ազատման որոշումը չեղարկելու պահանջով։ Նրանք նշել են, որ մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։
«Պարոն Տիգրան Ավինյան, տիկին Ժաննա Անդրեասյան, ձեզ հրավիրում եմ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոց, որովհետև այսօր իմ երեխայի իրավունքներն են խախտվել. մենք ուզում ենք պարզաբանումներ ստանալ, թե ինչու մեր դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին փակ քվեարկությամբ հեռացրին աշխատանքից»,- NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտներից մեկի մայրը։
«Իմ երկրորդ երեխան է արդեն այս դպրոցում սովորում։ Դպրոցի տնօրենն արդեն 11 տարի է՝ տիկին Ստեփանյանն է, նա մեր դպրոցի արժեքները պահողն է։ Հրավիրում եմ ձեզ, խոսելու այն մասին, թե ինչու՞ հեռացվեց տիկին Ստեփանյանը, ու՞մ պահանջները չկատարեց նա։ Այսօր եկել եմ դպրոց, իմացել եմ կատաստրոֆիկ նորությունը, որ մեր տնօրենը այլևս ազատված է աշխատանքից, որովհետև փակ քվեարկություն է տեղի ունեցել, և նա չի վերընտրվել պաշտոնում։ Ես սա անօրինական եմ համարում։ Մենք պահանջում ենք, որ քվեարկությունը բաց լինի»,–ասաց նա։

