Ղարիբաշվիլին հեռանում է քաղաքականությունից

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։

«Այսօր ուզում եմ ձեզ տեղեկացնել քաղաքականությունից հեռանալու իմ որոշման մասին։ Ինչպես գիտեք, վերջին մի քանի շաբաթների ընթացքում չեն դադարել ենթադրությունները իմ ապագա քաղաքական գործունեության հետ կապված։ Հետևաբար, ես ինձ պարտավորված եմ համարում առկա հարցերին տալ սպառիչ պատասխաններ», – ասաց Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ մինչև այսօր քաղաքական կյանքում իր յուրաքանչյուր քայլի հիմքում մեկ նպատակ է եղել․ ծառայել երկրին ու ժողովրդին և ամրապնդել պետությունը։

«Այսօր կարող եմ ազատորեն ասել, որ Աստծո օգնությամբ ինձ հաջողվեց բարեխղճորեն կատարել իմ պարտականությունը մեր երկրի և ժողովրդի, ինչպես նաև կուսակցության առջև, և այդպիսով ես իմ համեստ ներդրումն ունեցա մեր պետության ամրապնդման գործում», – ասել է Ղարիբաշվիլին։