Կարմիր քամի. որոնք են ախտանշանները, ովքեր են ռիսկի խմբում

Կարմիր քամին (Erysipelas) մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի վարակային ծագման սուր հիվանդություն է։ Այն առաջանում է, երբ ախտածին ստրեպտոկոկերը մաշկի ամբողջականության խախտման արդյունքում թափանցում են մաշկային ծածկույթներ: Կարմիր քամի կարող է զարգանալ նաև օրգանիզմի որևէ բորբոքային օջախից արյունային ճանապարհով ախտածին ստրեպտոկոկերի մաշկ թափանցելու արդյունքում:

Հիվանդության առաջին նշանները սկսվում են սուր՝ դողով, սարսուռով, ջերմության բարձրացումով, գլխացավով, մկանացավերով: 12-24 ժամ անց հարուցչի թափանցման տեղում առաջանում են ցավ, կարմրություն և այտուց: Հիմնականում ախտահարվում են ստորին վերջույթները, երբեմն կարող է դիտվել նաև վերին վերջույթների, դեմքի, իրանի կարմիր քամի: 1-3 օր անց կարմրած մաշկին կարող են առաջանալ թափանցիկ հեղուկով կամ հազվադեպ արյունային պարունակությամբ բշտեր, որոնք ծանրացնում են հիվանդության ընթացքը:

Հիվանդության հիմնական նախատրամադրող գործոններ են՝

-ճարպակալումը,

-հղիությունը,

-վարիկոզ հիվանդությունը,

-շաքարային դիաբետը,

-ալկոհոլի չարաշահումը,

-լիմֆոստազը,

-ձեռնոցների և հագուստի կրումը։

Կարմիր քամին ախտորոշվում է կլինիկական նշաններից և հիվանդության անամնեզից ելնելով։

Ի՞նչպես տարբերել կարմիր քամին այլ հիվանդություններից՝

– կարմրությունը (էրիթեման) շրջակա մաշկից մի փոքր բարձր է և փայլող,

– ախտահարված մակերեսը հստակ սահմանազատված է առողջ մաշկից:

Ի՞նչ անել հիվանդության դեպքում՝

– խուսափել տեղային քսուկների կամ լուծույթների կիրառումից,

– խուսափել վիրակապերի օգտագործումից,

– այտուցը կանխելու նպատակով ապահովել վերջույթի բարձր դիրք,

-դիմել վարակաբանի խորհրդատվության՝ համապատասխան պատճառագիտական բուժում ստանալու համար:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն