Հայկական էլիտան ձևավորել է նոր՝ «Հայոց տուն» շարժումը

Հանրային դաշտում նոր շարժում է ձևավորվել` «Հայոց տուն» հայկական էլիտայի նախաձեռնությունը։ Այսօր տեղի է ունեցել նախաձեռնության մանիֆեստի շնորհանդեսը։

Նախաձեռնության անդամներն են՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը, գիտության, մշակույթի, հասարակական գործիչներ։

«Հայոց տունը», ըստ պաշտոնական հաղորդագրության, լինելու է հայկական էլիտայի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված, ապակուսակցական կառույց՝ հայությանն ու հայոց պետականության գաղափարին նվիրյալ և փորձառու գործիչների ներգրավմամբ: Նախաձեռնության նպատակն է անվտանգության, արտաքին ու ներքին քաղաքականության, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հոգևոր, մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում կայացած ու շահագրգիռ հայ մասնագետների միավորումը՝ հայկական պետականության ու հայության ազգային ռազմավարության հիմնադրույթների մշակման նպատակով:

Հայոց տունը նաև նպաստելու է հայ երիտասարդության ներուժի բացահայտմանը` միտված Հայաստանի և հայ ազգի բարգավաճմանը: