Արցախում հեռարձակված «Գոյամարտը» վերադառնում է
ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից գրանցվել և գործունեության իրավունք է ստացել ««ԳՈՅԱՄԱՐՏ» ՊԱՏՄԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպությունը (կրճատ անվանումը՝ «ԳՈՅԱՄԱՐՏ»):
««ԳՈՅԱՄԱՐՏԸ», որպես հաղորդաշարի ազդականչ, առաջին անգամ Արցախի Հանրապետության հեռուստատեսության եթերում հնչել է 1993թ. հոկտեմբերի 17-ին և ամենշաբաթյա հաճախականությամբ շարունակվել մինչև 2023թ. սեպտեմբերը:
30 տարիների ընթացքում «ԳՈՅԱՄԱՐՏԸ» հաղորդումների, վավերագրական և ռազմաուսումնական տեսաֆիլմերի ձևաչափով հեռուստադիտողի դատին է ներկայացրել ավելի քան 2000 թողարկում:
Վայրիվերումներով լի մեր ոչ հեռավոր ԱՆՑՅԱԼԸ վերհիշելու, այդ պատուհանից ՆԵՐԿԱՆ գնահատելու և, իհարկե, հնարավորինս, ԱՊԱԳԱՆ ուղենշելու անհրաժեշտության մղումով «ԳՈՅԱՄԱՐՏԻ» ստեղծման ակունքներում կանգնած մի շարք համախոհներ որոշել են անդրադառնալ նախկին ու ներկա իրողություններին և փորձել հնարավորինս անաչառ վերլուծություններով ներկայացնել ինչպես հայրենական փառավոր հաղթանակների, այնպես էլ ցավալի պարտությունների պատճառահետևանքային կապերը»,- նշված է հաղորդագրությունում:

