Մինչդեռ ինքնահոս ջրագծերի կառուցումը կփրկեր հողերն անապատացումից
Ամեն անգամ երբ իմ ծննդավայր` Տավուշ (Նոեմբերյան) եմ մեկնում, ծանր զգացողություն եմ ունենում, տեսնելով, թե ինչպես են երկու ջրառատ գետեր՝ Դեբեդն ու Աղստևն անարգել հոսում դեպի մեր թշնամի երկիր։ Մինչդեռ Տավուշի դաշտերն անչափ շատ ունեն այդ անմահական, քաղցրահամ ջրերի կարիքը։ Տավուշի գյուղնշանակության հողերի գերակշռող մասն էլ գտնվելով մերձարևադարձային գոտում, կարևոր արժեք է, որտեղ աճում են մերձարևադարձային պտղատու եզակի մշակաբույսեր` ձիթապտուղ, թուզ, նուռ, խուրմա, դեղձ, սակայն այդ հողերը հիմնականում անջրդի են։ Իսկ Դեբեդն ու Աղստևը ծովի մակերևութից ոռոգման ենթակա դաշտերի համեմատությամբ բարձր են մի քանի հարյուր մետրով, և ինքնահոս ջրագծերի կառուցման դեպքում ոռոգելի կդարձնեին հազարավոր հեկտար հողատարածություններ, և տարածաշրջանը պարզապես կլողար բերք ու բարիքի մեջ, կստեղծվեին աշխատատեղեր, կավելանային գյուղացիների եկամուտները, կլուծվեր սահմանամերձ գյուղերում ժողովրդագրական ռազմավարական կարևոր խնդիր։ Հետխորհրդային տարիներին էլ Հայաստանում ընդամենը մեկ-երկու ջրամբար է կառուցվել, իսկ ոռոգման ջուրը` այդքան կարևոր ռեսուրսն էլ շատ անարդյունավետ է օգտագործվում, ընդամենը` 29-30 տոկոսը։ Մինչդեռ Հայաստանը կիսանապատային գոտի է, և միջոցներ ձեռք չառնելու` ջրամբարներ չկառուցելու դեպքում ուղղակի անապատի կվերածվի։ Այս անտարբերությունը, անգործությունը, ընձեռված հնարավորությունների չօգտագործումը նույնպես դավաճանություն է, դավաճանության յուրօրինակ ձև է։ Իսկ գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալներն էլ վերջին տարիներին շեշտակի անկում են արձանագրում, պարենային ինքնաբավության մակարդակն էլ հանրապետությունում տատանվում է ընդամենը` 55 տոկոսի սահմաններում։
Հայկ Ղազարյան` տնտեսագիտության թեկնածու

