Ադրբեջանն ինչ էլ անի, չի կարողանա Տիգրանակերտը համարել աղվանական. Համլետ Պետրոսյան

«5-րդ դարից Արցախն ընտրվել է որպես Աղվանից եկեղեցու ինտելեկտուալ կենտրոն, դրա ամենավառ վկայությունները հայերեն արձանագրություններն են»,- «Լեռնային Ղարաբաղ. փախստականներ, իրավունքներ և հնարավորություններ» միջազգային գիտաժողովին ունեցած ելույթում ասաց Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

Նրա խոսքով, Արցախն ունի 60-ից ավելի վաղ քրիստոնեական արձանագրությունները, 30-ը դեռ հրատարակված չեն. «Կարծում եմ՝ Արցախի բնիկ հայկական կերպարի ամենաէական բաղադրիչը հենց այս արձանագրություններն են»։

«Արցախի հելլենիստական անտիկ մշակույթը ունի համաքաղաքական կերպար, այն տեղական ավանդույթի զարգացում չէ, և սա կարևոր փաստ է, որ Ադրբեջանը չի կարողանում այն համարել աղվանական Տիգրանակերտ։ Դա անհնար է, որովհետև Տիգրանը բերել է այդ ամենը, ներմուծել է, ինչպես որ  Արտաշեսն է ներմուծել Արտաշատ այդ համակարգը։ Կարևոր է հասկանալ Տիգրանակերտի բազմէթնիկ և բազմադավան կերպարը տարբեր ժամանակներում»,-նշեց հնագետը։