Մեծ Բրիտանիայի պատասխանը Արամ Սարգսյանին
Այն հարցին, թե, խզելով կապերը Ռուսաստանի հետ, ինչպես պետք է կառուցենք մեր տնտեսական համակարգը և հարաբերությունները Արևմուտքի հետ, «արևմտամետների» գլխավոր առաջնորդ Արամ Սարգսյանը փորձել է կոնկրետ պատասխաններ տալ։ Ի թիվս այլ առաջարկների նա գրել է.
«Միացյալ Թագավորությանը, որ հիմա եվրոպական համատեքստ է մտնում, պետք է առաջարկենք մեր ջրային ռեսուրսների ամբողջական կառավարումը։ Մենք պետք է դիմենք, համոզենք, բացատրենք, եթե պետք է անգամ բիզնես շահավետության պատվերը ինքներս կազմակերպենք, քանի որ ջուրը կենսական բնական ռեսուրս է, իսկ մենք հիմա ամբողջությամբ նվիրում ենք մեր թշնամուն։»
Ցույց տալու համար, թե ինչքան կտրված են նման առաջարկները և նման առաջարկներ անողները իրողությունից, կուզեի ձեր ուշադրությանը ներկայացնել Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության հանրային գլխավոր լրատվական գործակալության՝ Բի-Բի-Ս-ի 2024 թվականի հոկտեմբերի 25-ի հոդվածը՝ այսօր այդ երկրում ջրային ռեսուրսների կառավարման վիճակի մասին (հղումը մեկնաբանություններում)։
Այս ծավալուն հոդվածից մենք տեղեկանում ենք, որ.
- Մեծ Բրիտանիայի ջրային ինդուստրիան և նրա կառավարումը կատարելապես ձախողված է և գտնվում է խորագույն ճգնաժամի մեջ։
- 2030-ական թվականներին երկրի բնակչությունն ունենալու է խմելու ջրի դեֆիցիտ։
- Նոր տների կառուցումը վտանգված է ջրային մատակարարման խնդիրների պատճառով։
- Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի՝ ջրային կառավարման իրականացրած մասնավորեցումը բրիտանական ժողովրդի գլխին բերած ամենամեծ խարդախությունն էր պատմության մեջ։
- Մինչև 1980-ականների ջրային ընկերությունների մասնավորեցումը, նրանք ունեցել են 0 պարտք, մինչդեռ այսօր այն կազմում է 60 միլիարդ բրիտանական ֆունտ։
- Այդ հսկայական պարտքերն առաջացել են, որովհետև փայատեր ներդրողները հսկայական պարտքեր են վերցրել, որոնք ոչ միայն չեն ներդրել ենթակառուցվածքների պահպանման և զարգացման մեջ, այլ ուղղակի դուրս են գրել իրենց որպես շահաբաժին (դիվիդենդ)։ Այսինքն, մասնավորեցման հետևանքով սեփականատեր դարձած «ներդրողները» հարստացել են, մինչդեռ ջրային համակարգը քայքայվել է և հայտնվել ներկայիս կոլապսային վիճակում։
- Մարգարեթ Տեթչերի ստեղծված և այսօր էլ գործող Ofwat պետական կարգավորող մարմինը ամբողջությամբ ձախողել է իր կարգավորիչ գործառույթը։
- Այս ամենի պատճառով, եթե անգամ կատարվեն իրավիճակը շտկող բարեփոխումներ, դա կտևի տասնամյակներ և կբերի ջրի գնի հսկայական բարձրացմանը։
Հուսով եմ, այսքանից կարող եք ձեր եզրակացություններն անել մեր «արևմտամետների» առաջարկների որակի և պրոֆեսիոնալիզմի մասին։
Նաև հույս ունեմ, որ Ստյոպա Սաֆարյանը չի մեղադրի Բի-Բի-Սի-ին Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ստվերային կառավարման տակ գտնվելու մեղքի մեջ։

