Ուկրաինան պետք է մասնակցի հրադադարի մասին ցանկացած բանակցության. Գերմանիայի կանցլեր
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան հեռախոսազրույցում հաստատել են, որ Կիևը պետք է մասնակցի ապագա ցանկացած բանակցություններին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու համար, հայտնել է DW-ն։
Ինչպես տեղեկացրել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շթեֆեն Հեբեշթրայթը՝ Շոլցը և Զելենսկին քննարկել են «ներկա ռազմական և հումանիտար իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայում արդար խաղաղություն հաստատելու ուղիները»։ Երկու ղեկավարները համաձայնել են, որ եվրոպական անվտանգության հարցերը պետք է քննարկվեն եվրոպական երկրների հետ համատեղ։
Հեբեշթրայթը նաեւ նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Շոլցը վստահեցրել է Զելենսկուն, որ «Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային եվրոպական եւ միջազգային գործընկերների հետ սերտ համակարգմամբ, մինչեւ արդար եւ կայուն խաղաղության հասնելը»։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հանդես էր եկել Ռուսաստանի հետ Ուկրաինայի ապագայի շուրջ երկխոսելու նախաձեռնությամբ՝ առանց Ուկրաինայի եւ Եվրոպայի մասնակցության։ Վաշինգտոնը եւ Մոսկվան փետրվարի 18-ին Էր Ռիադում պայմանավորվել են բանակցություններ վարել տարաձայնությունները լուծելու եւ Ուկրաինայում պատերազմն արագ դադարեցնելու համար։
Քննարկմանն այլոց հետ մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, բայց Եվրոպայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները հրավիրված չեն եղել։

