Հայոց ազգային գաղափարախոսության միջոցով շատ հայերի ազնվությունը վերստին պետք է փայլի, ինչպես մրուրից մաքրված ադամանդը

Առևտրի բնագավառում հայերը ժամանակին իրենց ազնվությամբ փայլել են, իսկ այսօ՞ր…

 

Հնդկաստանում 1526–1857 թթ. գոյություն ունեցած Մեծ Մողոլի կայսրության (չշփոթել Մոնղոլական կայսրության (13–14-րդ դարեր) հետ) հզոր կայսր Աբուլֆաթ Ջալալուդին Մուհամմադ Աքբարը (կամ՝ Աքբար Մեծ, 1556-1605 թթ.), որը կայսրության պատմության ընթացքում եղել է ամենահզոր, ամենաազդեցիկ և հայտնի տիրակալը, ինչպես հայտնում է «Հնդկահայք»-ը, տեղյակ լինելով առևտրի բնագավառում հայերի ազնվությանը և բանիմացությանը, հատուկ հոգածության է արժանացրել նրանց:

Մեծ Մողոլները Հնդկաստանում թուրք-մոնղոլական ծագմամբ դինաստիա էին, որը սերում էր Չինգիզ խանից և Լենկթեմուրից։ «Մողոլ» բառը «մոնղոլ» բառի պարսկերեն ձևն է։

Բարձր գնահատելով հայերի առևտրական տաղանդն ու ազնվությունը, Աքբարը պաշտոնական հրավերով նրանց բնակեցրել է կայսրության մայրաքաղաք Ագրայում։ Հենվելով հայ վաճառականության վրա, նա փորձել է դիմակայել Հնդկաստանի ծովային քաղաքներում հաստատվող եվրոպական հզոր ընկերություններին: Զալալուդին իր կայսրության մայրաքաղաք Ագրայում հայերին այդ նպատակով հող է հատկացրել, հայ վաճառականներին վստահել ու տվել է բացառիկ իրավունքներ՝ կայսրության ողջ տարածքում շնորհել է ազատ առևտրի իրավունք՝ ազատելով հարկերից, մաքսատուրքերից, նրանց թույլատրել է մուտք գործել նույնիսկ այնպիսի տարածքներ (օրինակ՝ Քաշմիր և Բենգալիա), որտեղ օտարերկրացիների մուտքն ընդհանրապես արգելված էր։

Ավելին՝ Ագրայում Աքբարի անմիջական թույլտվությամբ, նրա տրամադրած հողատարածքի վրա ու կայսրության ծախսերով 1562թ. նույնիսկ կառուցվել է հայկական առաջին եկեղեցին:

Հայերին վստահելու մասին է խոսում նաև այն փաստը, որ Կայսր Աքբարի արքունական ծառայողների մեջ զգալի թիվ են կազմել հայերը: Արքունիքի գլխավոր դատավորի պաշտոնը վարել է ազգությամբ հայ Միր Ադլ Աբդուլ Հայը, իսկ նրա դուստր լեդի Ջուլիաննան եղել է կայսր Աքբարի արքունական գլխավոր բժշկուհին: Բացի այդ, Ակբարը որդեգրել էր Աբդուլ Հայի թոռանը՝ Միրզա Զուլ-Քարնայինին (Ալեքսանդր), որը հետագայում դարձել է կայսրության խոշորագույն նահանգապետերից, տաղանդավոր բանաստեղծ և երգահան։

Կայսր Աքբարի արքունական հայ ծառայողներից են եղել նաև նրա գլխավոր թարգմանիչ Դոմինգո Պիրեսը, որը փայլուն տիրապետել է պարսկերենին և ապահովել Աքբարի երկխոսությունները եվրոպացի պատվիրակների հետ։ Աքբարի կանանցից մեկը՝ թագուհի Մարիամ Զամանի Բեգումը (Մարիամ Փիարի), նույնպես եղել է հայուհի: Նրա դամբարանն առ այսօր գտնվում է Ագրայի հայկական գերեզմանատանը: Փաթեհփուռ Սիքրիում պահպանվում է նաև Մարիամի պալատը: Նրան է վստահված եղել Աքբարի որդեգրած հայ զավակի դաստիարակությունը:

Ագրայում է բնակվել հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ և երգահան Միրզա Ալեքսանդր Ջուլղարնայնը (Զուլ-Ղառնայն)։ Ագրահայերն ունեցել են իջևանատուն, որտեղ քննարկել են համայնքի ներքին կյանքին վերաբերող հարցեր, կնքել գործարքներ և պայմանագրեր եվրոպացիների հետ։ Ագրայի գերեզմանատանը պահպանվել են հայագիր տապանաքարեր, մինչ այսօր կանգուն է Սուրբ Մարտիրոս մատուռը:

Ի դեպ, Մեծ Մողոլի հայտնի կայսրերից է եղել նաև Շահ Ջահանը, որն իր սիրելի հայ կնոջ՝ 14-րդ երեխային լույս աշխարհ բերելիս մահացած Մումթազ Մահալի (օրիորդական անունը՝ Արջումանադ Բանու Բեգամ) հիշատակին կառուցել է աշխարհի հրաշալիքներից մեկը համարվող փղոսկրասպիտակ Թաջ Մահալ պալատական դամբարանը։

Ինչու հիշեցինք այս պատմությունը… Մեծ Մողոլի կայսրության հիմնադրումից անցել է ընդամենը 500 տարի, բայց հայ վաճառականների կերպարն, ընդհանուր առմամբ, որքա՜ն է փոխվել… Թերևս մեծ մասը դարձել է շահամոլ ու խաբեբա: Խոսքն, անշուշտ, բոլորին չի վերաբերվում: Արտադրողների և վաճառողների շրջանում կան նաև հազվադեպ հանդիպող այնպիսի բացառություններ, որոնք չնայած ապրանքների գները բարձրացնելու անհրաժեշտությունն ունենալուն, ի պատիվ իրենց, ժողովրդի մեծամասնության սոցիալական վիճակը հաշվի առնելով, ապրանքների գները չեն բարձրացնում, թեկուզ և դրանից վնասներ կրելով:

Սիրելի հայեր, Հայոց ազգային գաղափարախոսության միջոցով մենք միասին կարող ենք, պարտավոր ենք ու պետք է հասնենք մի վիճակի, երբ շատ հայերի ազնվությունը վերստին պետք է փայլի, ինչպես մրուրից մաքրված ադամանդը:

Ի գործ, Աստված առաջ…

 

Արթուր Հովհաննիսյան

Լուսանկարում՝ կայսր Աքբար Մեծը և Մարիամ Զամանի Բեգումը