ՀՀ իշխանությունները պետք է բացատրեն իրենց քայլերի բոլոր հետևանքները․ Զախարովան՝ ԵՄ անդամակցության մասին

ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շրջանակներում բոլոր նորմատիվ իրավական հիմքերն ու սակագնային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը, մեկը մյուսին բացառող բնույթ են կրում: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ԵՄ-ին անդամակացելու գործընթաց սկսելու մասին նախագծի ընդունումը:

Նրա խոսքով՝ այս խնդրի բարձրաձայնումից խուսափելու, այն լղոզելու, այս կարևոր հանգամանքը չնկատելու փորձերը պարզապես իրականության ժխտում են և հնարավոր է՝ ինչ-որ առումով այն մարդկանց ապակողմնորոշում, որոնց առաջարկվում է համապատասխան որոշում կայացնել:

«Իհարկե չենք ժխտում, որ դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է: Բայց հենց ՀՀ ներկայիս իշխանությունների և ոչ թե ՌԴ-ի, ԵՄ-ի վրա է իրենց ծրագրած քայլերի բոլոր հետևանքները բնակչությանը ներկայացնելու, բացատրելու պատասխանատվությունը: Սա պետք է հասկանալ: Առհասարակ, երբ երկրում ընդունվում են նման բախտորոշ որոշումներ, անցկացվում են սոցհարցումներ, հանրաքվեներ, նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի բացատրվեն բոլոր նրբությունները: Այստեղ պետք է ազնիվ լինել: Բայց դրանով պետք է զբաղվեն նրանք, ովքեր երկրի ներսում նման կոչեր են անում, այլ ոչ թե դրսից ինչ-որ մեկը՝ ՌԴ-ն կամ ԵՄ-ն», – ասել է նա:

Ըստ ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցչի՝ պետք է նաև խոսել այս հարցում այլ պետությունների փորձի մասին, բերել կոնկրետ օրինակներ, թե ինչպես է դա տեղի ունեցել նորագույն պատմությունում:

Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստին առաջին ընթերցմամբ ընդունել էր «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը: Այն ԱԺում ներկայացրել էր նախագծի նախաձեռնող խմբի անդամ Արտակ Զեյնալյանը: Նախաձեռնող խումբը 1 ամսում հավաքել էր ավելի քան 60 հազար քաղաքացու ստորագրություն, ըստ այդմ՝ Կառավարությունը հաստատել էր համապատասխան որոշման նախագիծը, որը քննարկման էր ներկայացվել ԱԺում: