ԱԺ նախագահը իր երեկվա աղմկահարույց հայտարարությունները սրբագրել է՝ ներս հրավիրելով միայն 3 լրագրողի․ NEWS.am

NEWS.am.

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկվա իր աղմկահարույց հայտարարությունները այսօր փորձել է սրբագրել:

Նշենք, որ երեկվանից սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է իր այն հայտարարությունը, որ Մեղրիի ճանապարհը պետք է անխոչընդոտ լինի:

Այսօր նա ընտրել է երեք լրատվամիջոցի՝ սրբագրելու համար իր երեկվա խոսքը: Հատկանշական է, որ այդ երեք լրատվամիջոցների մեջ չի մտել նաև Հանրային հեռուստաընկերությունը, որի օպերատորը ևս այդտեղ էր, սակայն չեն թողել, որ ներս մտնի: Փաստորեն ԱԺ նախագահը ընտրովի լրատվամիջոցների հետ է ցանկացել շփվել:

Նշենք, որ Ալեն Սիմոնյանը ոչ միայն Մեղրիի մասին խոսքն է սրբագրել, այլև արցախցիների վերաբերյալ իր երեկվա ոչ պակաս աղմկահարույց խոսքին է անդրադարձել:

Եթե երեկ նա մեղադրում էր արցախցիներին, որ չեն կռվել, այսօր արդեն հայտարարել է, որ նկատի է ունեցել կոնկրետ մարդկանց:

Մասնավորապես, Ալեն ՍԻմոնյանը նկատի է ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին: Նա, մասնավորապես, ասել է. «Շահրամանյա՛ն, պատմի՛ր, ինչպե՞ս ես ախրանիկներով ԼՂ-ից դուրս եկել, իսկ մնացածը չեն կարողացել»:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը, ի պատասխան արցախցի լրագրողի հարցի, ասել էր. «Որովհետև երբ որ դուք դուրս եկաք այդտեղից, անվտանգ չէր։ Չնայած կարելի էր մնալ ու մինչև վերջ պայքարել այն զենքերով, որոնք Հայաստանը թողել և տվել էր, քաղաքական սատարումով, բայց դուք դուրս եկաք։ Պետք էր կռվել»։

Լրագրողի դիտարկմանը, որ մարդիկ մորթվում էին, Սիմոնյանը կրկնեց. «Պետք էր կռվել։ Պետք էր կռվել։ Հայաստանը կռվել է, պետք էր կռվել»։