ՔՊ-ն կողմ քվեարկեց ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը:
Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, կողմ քվեարկեց՝ 64 կողմ ձայնով։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ քվեարկեց։
«Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը:
Նշենք, որ երեկվանից ԱԺ-ում մեկնարկել են ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու օրինագծի ընդունման քննարկումները։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել այս նախագծին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում շեշտել էր՝ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցություն, քանի որ այս հարցը պահանջում է հանրաքվե։ «Էս օրենքի ընդունումից հետո մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք էն ճանապարհային քարտեզը, որոնք իրենք են պատկերացնում և որը մենք ենք պատկերացնում, և մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք»,- հայտարարել է Փաշինյանը:

