Թրամփն աշխատանքից ազատել է USAID-ի գլխավոր տեսուչին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) գլխավոր տեսուչ Փոլ Մարտինին ազատել է աշխատանքից: Այս որոշումից առաջ նրա վարչությունը քննադատական զեկույց էր հրապարակել նախագահական վարչակազմի հասցեին: Այդ մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աշխատանքից ազատման մասին ծանուցող նամակը։
«Նախագահ Դոնալդ Թրամփի անունից գրում եմ, որպեսզի ձեզ տեղեկացնեմ այն մասին, որ ձեր պաշտոնը՝ որպես ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր տեսուչ, վերացվել է», – ասվում է Մարտինին ուղղված նամակում, որն ուղարկվել է նախագահի կադրերի վարչության փոխտնօրեն Թրենթ Մուրի կողմից։
Ըստ նամակի տեքստի՝ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։

