ԱՄՆ-ում կործանված ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ Շիշկովան և Նաումովը

Վաշինգտոնի մերձակայքում American Airlines ավիաընկերության կործանված մարդատար ինքնաթիռում եղել են ռուսական գեղասահքի դպրոցի ներկայացուցիչներ՝ գեղասահքի զույգերի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Ռուսաստանի հավաքականի անդամ Վադիմ Նաումովը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։

«Վթարված ինքնաթիռում եղել են մեր մարզիչներ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը»,- հայտնել է գործակալության աղբյուրը։

52-ամյա Շիշկովան և 55-ամյա Նաումովը 1994 թվականի աշխարհի առաջնության հաղթողներ են,  աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ։ Կարիերան ավարտելուց հետո Շիշկովան և Նաումովան անցել են մարզչական աշխատանքի և 1998 թվականից բնակվում են ԱՄՆ-ում։

Սպորտային գործակալ Արի Զաքարյանը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ Վաշինգտոնի երկնքում կործանված ինքնաթիռում եղել են գեղասահորդներ և ռուս նախկին մարզիչներ։

«Օդանավում գեղասահորդներ կային, նրանք թռչում էին մարզիչների հետ, նրանց թվում կային նախկին ռուս մասնագետներ»,- ասել է Զաքարյանը։

Ավիավթարը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը Վաշինգտոնի Ռեյգանի միջազգային օդանավակայանի մոտ։ Bombardier CRJ700 ինքնաթիռում եղել է 64 մարդ։
Հունվարի 21- 26-ը ԱՄՆ Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքում անցկացվել է գեղասահքի ԱՄՆ առաջնությունը