Նախորդ իշխանությունների օրոք շատ ավելի հեշտ էր ԱՄՆ-ի հետ գրանցած ձեռք բերումները կապիտալիզացնելը․ Դավիթ Սիրունյան

Օրերս ՀՀ արտաքին գործերի նախարար Միրզոյանի և ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենի ստորագրություններով ազդարարվեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության կարգավիճակի ձևավորումը, որը հենց Բլինքենը իր ելույթում անվանեց «Նշանակալից անկյունաքար հայ-ամերիկյան հարաբերություններում»։

Չնայած նրան, որ Հայաստանյան իշխանություններին հարակից քաղաքական և հանրային միավորները ջանք ու եռանդ չեն խնայում վերջինս ներկայացնելու որպես Փաշինյանական վարչախմբի դիվանագիտական տրիումֆ, եկեք հարցին նայենք օբյեկտիվորեն։

Նախ՝ պետք է ընդունել, որ ԱՄՆ-ն որևէ պետության իր արտգործնախարարի սիրուն աչքերի համար չի տալիս ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ մեկ օրում, նամանավանդ, Միրզոյանի պարագայում։ Նմանատիպ կարգավիճակ ձեռք բերելը տասնամյակներ տևած տարբեր վարչակազմների համագործակցության արդյունք է։

ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը դե ֆակտո հնարավոր է դարձել Տեր-Պետրոսյան-Քլինթոն, Քոչարյան-Բուշ և Սարգսյան-Օբամա ադմինիստրացիաների տասնամյակներ տևած համատեղ աշխատանքների արդյունքում, մասնավորապես՝ 1994 թվականին Վազգեն Սարգսյանի և ԱՄՆ Պաշտպանության քարտուղար Ուիլիամ Փերրիի միջև կնքված հուշագրի, 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ ՀՀ-ի միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ակտիվորեն ներգրավման և հակաահաբեկչական կոալիցիային անդամակցման, որի վերաբերյալ ԱԺ-ում ելույթ է ունեցել այդ ժամանակ դեռևս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ինչպես նաև վերջինիս արդեն նախագահական տարիներին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ընդլայնման միջոցով։ Այս ամենը արձանագրում է նաև Ամերիկյան կողմը։

Հաջորդիվ՝ պետք է հասկանալ «ռազմավարական գործընկերություն» և «ռազմավարական դաշնակցային հարաբերություններ» եզրույթների տարբերությունը։ Վերջինիս համապատասխանում են ԱՄՆ-Իսրայել կամ ԱՄՆ-Միացյալ Թագավորություններ հարաբերությունները, կամ ինչպես ամերիկյան դիվանագիտական սեկտորում են սիրում ասել՝ «հատուկ հարաբերություններ»։ Հայ-ամերիկյան հարաբերությունները չեն լինելու «հատուկ», ԱՄՆ-ն չի պատրաստվում ռազմաբազա ունենալ Հայաստանում կամ Հայաստանին արտոնյալ կարգով զինամթերք վաճառել կամ առավել ևս նվիրել։ Անվտանգային ոլորտում համագործակցությունը իրենից ենթադրելու է առավելագույնը կոնսուլտացիոն կամ փոխանակման միջոցառումներ։

Հարկ է նաև ֆիքսել, որ նախորդ իշխանությունների օրոք շատ ավելի հեշտ էր ԱՄՆ-ի հետ գրանցած ձեռք բերումները կապիտալիզացնելը, քանի որ այն ժամանակ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները անհամեմատ ավելի բարձր մակարդակում էին և Հայաստանի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումը Ռուսաստանը հիմք չուներ ընդունելու որպես վտանգ իր համար։

Իսկ այսօր, այն հարցը, թե որքանո՞վ ՀՀ գործող իշխանությունները կկարողանան այս համաձայնագիրը կապիտալիզացնել ԱՄՆ-ում փոխվող ադմինիստրացիայի (չնայած նրա, որ կարելի է ենթադրել, որ ողջ պրոցեսը համաձայնեցվել է նաև Ընտրված Նախագահ Թրամփի տրանզիցիոն թիմի հետ, որը գլխավորում է Ընտրված Փոխնախագահ Ջ. Դ. Վենսը) և Ռուսաստանի հետ գրեթե կրիտիկական վիճակում գտնվող հարաբերությունների հանգամանքում, շարունակում է մնալ շատ մեծ հարցականի տակ։

 

Դավիթ Սիրունյան