«Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է գյուղատնտեսական արտադրանքի շուկա բացել Տիգրանաշենում
Տիգրանաշեն գյուղը պետք է ապրի ու զարգանա։ Սեպտեմբերի 22-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ նախօրեին խորհրդարանական խմբակցության անդամները Տիգրանաշենում էին, որտեղ մասնակցել են ծառատունկի խորհրդանշական ակցիային։
Պատգամավորը հիշեցրեց, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով գյուղը Հայաստանի Հանրապետության տարածքի մաս է։
«Լավ կլիներ, որ իշխանություններն ավելի շատ խոսեին Տիգրանաշենի զարգացման, ոչ թե այն Ադրբեջանին հանձնելու մասին։ Եվ եթե ընտրելու լինենք զարգացման ու հանձնման միջև, մեր խմբակցությունն ընտրում է առաջինը»,- նշեց Աբրահամյանը։
Նա հավելեց, որ «Ուժեղ Հայաստանը» ծրագրեր է նախանշել, որոնք իրականացվելու են Տիգրանաշենում։ Մասնավորապես՝ նախատեսվում է բացել գյուղատնտեսական ապրանքների շուկա, ինչպես նաև մանկական խաղահրապարակ նվիրել համայնքին։
«Տրանսպորտի լուրջ խնդիր կա․ կանոնավոր կամ որևէ այլ հիմունքով տրանսպորտ չի աշխատում։ Մենք որոշել ենք այս ծրագրերն իրականացնել մեզ փոխանցված պարգևավճարների հաշվին»,— հայտնեց ընդդիմադիր խմբակցության քարտուղարը։

