Հայտարարում են, որ 144 դրամ է միջինում տոմսը, աշխարհում մաթեմատիկոս չկա, որը կարող է այս հաշվարկը տալ․ Հայկ Մարության
Հանրային տրասնպորտի տոմսային միասնական համակարգին մենք դեմ չենք։
Հանրային տրանսպորտի թանկացման դեմ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Առաջին հերթին, բացարձակ ոչ մի հաշվարկ չկա այս ամեն ինչի տակ դրված։ Հայտարարում են, որ 144 դրամ է միջինում տոմսը, աշխարհում մաթեմատիկոս չկա, որը կարող է այս հաշվարկը տալ, որովհետև չունեն ելակետային տվյալներ»,–ասաց Հայկ Մարությանը։
Հայկ Մարությանը նշեց, ոչ վերջերս տեղի ունեցած բանավեճի ժամանակ Տիգրան Ավինյանին հարց է ուղղել, թե որքան գումար է այդ փոփոխությունների արդյունքում հավաքագրվելու, սակայն Երևանի քաղաքապետը չի ունեցել այդ հարցի պատասխանը։
«Երբ նման մեծ նախագիծ ես իրականացնում, գիշերվա ժամը 3-ին էլ քեզ քնից հանեն, դու պետք է այդ թիվն անգիր ասես, թե որքան գումար ես նախատեսում հավաքել։ Ինքը օդում հաշվեց, ասաց 5 մլրդ դրամ։ Ես նրան պատկերավոր ցույց տվեցի, թե որտեղից կարող են այդ 5 մլրդը ստանալ։ Օրինակ գույքահարկի թանկացման հետևանքով 20 մլրդ դրամ գումար է հավաքագրվելու 2026 թվականին»,–նշեց Հայկ Մարությանը։
Նախկին քաղաքապետի խոսքով, տրանսպորտը բիզնես չէ, նորմալ տրանսպորտ ապահովելը պետության պարտականությունն է։
«Քաղաքային իշխանությունը պետք է թողնի տոմսի գինը 100 դրամ, անցնի տոմսային միասնական համակարգի, ապա հաշվետվություն ներկայացնի, թե ինչքան գումար է հավաքվել, ինչպես է ծախսվել, համոզված եմ, որ այս իշխանությունն արդյունավետ ծախս անել չի կարող»,-ասաց Մարությանը։

