Հայաստանը հիմնական շահառուն է ԵԱՏՄ անդամակցությունից․ ՌԴ փոխվարչապետ
Հայաստանի տնտեսական աճը ցույց է տալիս, որ նա ԵԱՏՄ անդամակցությունից հիմնական շահառու է։ Այս մասին այսօր Վիետնամում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանի առևտրի և տնտեսության աճը վերջին տարիներին վկայում է այն մասին, որ Հայաստանը հիմնական շահառուն է ԵԱՏՄ անդամակցությունից»,- նշել է նա։
Նրա խոսքով, ԵՄ-ի հետ Երևանի առևտուրը մի քանի անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ: «Հայաստանի առևտրաշրջանառությունը Եվրամիության հետ նվազում է»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։
«11 ամսվա թարմ վիճակագրությունը հասանելի է. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար: Սա ասում են տնտեսագիտությունը և իրականությունը։
ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի նախաձեռնողները հասկանում են, որ Եվրամիությանն անդամակցելը «շատ հիպոթետիկ է» և չեն ցանկանում կորցնել այն տնտեսական օգուտներն ու առավելությունները, որոնք գրանցվում են ԵԱՏՄ կազմում լինելու արդյունքում», – մասնավորապես նշել է Օվերչուկը։
Օվերչուկը միաժամանակ կոռեկտ չի համարել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցը, թե արդյոք ինչ-որ մեկը կարող է Երևանի տեղը զբաղեցնել ԵԱՏՄ-ում։ «Հարցը չի կարելի այսպես դնել, քանի որ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը միշտ էլ երկրի ինքնուրույն որոշումն է, որը, ելնելով իր շահերից, որոշում է անդամակցել, թե ոչ։ Այստեղ ակնհայտ օգուտներ կան,- ընդգծել է փոխվարչապետը։- Դրանք բաղկացած են էներգետիկ և պարենային անվտանգության ապահովումից և տնտեսության զարգացման համար կայուն պայմանների ստեղծումից։ Եվ ամենակարևորը առանց խոչընդոտների մուտքն է հսկայական շուկա, որտեղ կա նման երկրի ապրանքների պահանջարկ։ Սա հսկայական ներուժ ունի տնտեսական զարգացման, մարդկանց և բիզնեսի եկամուտներն ավելացնելու համար»։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու որոշման նախագծին, հիմա այն քննարկելու է խորհրդարանը։

