Հարավային Կովկասի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղաին ճեպազրույցում անդրադարձել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի՝ Բաքու և Երևան կատարած այցերին:
«Այցերը Բաքու և Երևան նախապես էին ծրագրվել։ Իրանի հարաբերությունները ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ կարևոր են մեզ համար։ Մեզ համար կարևոր է անվտանգությունը Հարավային Կովկասում, և մենք օգտագործում ենք բոլոր միջոցները այդ կարևոր տարածաշրջանում անվտանգության բարձրացման համար։ Անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանային երկրների ջանքերով՝ առանց օտարերկրյա միջամտության»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Նրա խոսքով, այցը նպատակ ուներ ամրապնդել երկու երկրների հետ Իրանի հարաբերությունները, «որպեսզի վստահ լինենք, որ տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված նախորդ գործընթացները, այդ թվում՝ 3+3, շարունակվելու են»,- նշել է նա։
Ըստ Բաղաիի՝ Իրանը պատրաստ է աջակցել այս գործընթացին իր ողջ հնարավորություններով։

