Պուտինը կոչ է արել ակտիվացնել հատուկ ծառայությունների աշխատանքը ԱՊՀ-ում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների միջև կառուցողական փոխգործակցությունն անհրաժեշտություն է այսօրվա աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։

«Կարևոր է ապակայունացում թույլ չտալ ԱՊՀ-ի ներսում և հարևան տարածաշրջաններում։ Իսկ դրա համար, ինչպես նախկինում, պետք է բացահայտել հավաքական անվտանգությանը սպառնացող ցանկացած բացասական միտում և պոտենցիալ սպառնալիք»,- ասել է ՌԴ նախագահը ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի ուղերձում։

Ուղերձն ընթերցել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

Ռուսաստանի նախագահի կարծիքով` անվտանգության ամրապնդման համար հետախուզական ծառայությունները պետք է ոչ միայն ուսումնասիրեն սպառնալիքները, այլև կանխատեսեն դրանց զարգացումը, իրականացնեն տեղեկատվության և աշխատանքային փորձի փոխանակում։

«Համոզված եմ, որ այս խորհրդակցությունը նշանակալից փուլ կդառնա՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների համագործակցության խորացման համար, կծառայի ԱՊՀ տարածքում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը»,- նշել է Պուտինը։

Հիշեցնենք` Մոսկվայում մեկնարկել է երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ նիստը։ Նիստի մասնակիցները քննարկում են համատեղ աշխատանքի արդյունքները, հետագա փոխգործակցության առաջնահերթությունները։