Քոչարյանին, Խաչատուրովին և Օհանյանին հարկադրաբար կներկայացնեն դատական նիստին

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, որոշեց բերման ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ հաջորդ դատական նիստին ներկայացնելու համար։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին նրանք չեն ներկայացել։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը,  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում էին մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործով՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ։  Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը։

Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:

Նշենք, որ նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից: