Աբխազիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք և նախագահի նստավայրի մոտ գտնվող տարածք
Աբխազիայում ցուցարարները կոտրել են խորհրդարանի շենքի դարպասներն ու ներխուժել նախագահի նստավայրին մոտ տարածք։ Նրանց մոտ են դուրս եկել ներքին գործերի նախարարն ու Աբխազիայի պետական անվտանգության ծառայության ղեկավարը։
Այժմ բանակցություններն ավարտվել են, ուժայինները, ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, գնացել են նախագահին փոխանցելու ցուցարարների պահանջները։
Նշվում է, որ այսօր հանրապետության խորհրդարանը պետք է նիստ գումարեր և քննարկեր ռուս-աբխազական փաստաթղթի վավերացման հարցը։ Սակայն ցուցարարներն անմիջապես հավաքվել են Սուխումի խորհրդարանի շենքի մոտ և փորձել ներխուժել շենք։
Ականատեսների կողմից տարածվող տեսանյութում մոտ հարյուր վրդովված տղամարդիկ հավաքվել են ցանկապատի շուրջ։ Անվտանգության ուժերը օգտագործել են արցունքաբեր գազ։
Աբխազիայի խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբան կոչ է արել հետաձգել հանդիպումը։ Նրա խոսքով՝ «35 պատգամավորներից 21-ը ներկա են եղել նիստերի դահլիճում, ոմանք ճնշումների պատճառով հրաժարվել են աշխատել այդ պայմաններում»։ Խորհրդարանը չեղարկել է նիստը։

