ԼՂ-ից տեղահանվածների համար տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի գրանցման նոր ընթացակարգ (տեսանյութ)
Կառավարության ընդունած որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրենց կողմից օգտագործվող, սակայն, մասնավոր սեփականություն չհանդիսացող տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Նոր ընթացակարգի համաձայն՝
– տեղահանված մեր հայրենակիցները կարող են գրանցել մինչև 2017 թ. արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլների նկատմամբ սեփականության իրավունքը, նրանցից չի պահանջվի տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ և սեփականության իրավունքի գրանցումը կկատարվի նշված տրանսպորտային միջոցի տիրապետման կամ օգտագործման օրինականությունը հավաստող այլ փաստաթղթի հիման վրա։
– Սոցիալական պայմանները հաշվի առնելով` շահառուները կազատվեն նաև փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։
Ընթացակարգը կգործի մինչև 2025 թ. հուլիսի 1-ը դիմելու դեպքում:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև հետևյալ կարգավորումներին՝
– Սահմանված ժամկետում հիմքերը ներկայացնելու դեպքում համապատասխան տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կկատարվի ներկայացնողի անվամբ։ Այս դեպքում, չարաշումներից խուսափելու և գործընթացը սոցիալական նպատակին ծառայեցնելու համար, անհրաժեշտ կլինի տիրապետման կամ օգտագործման օրինականությունը հավաստող փաստաթղթերը Ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանում ներկայացնել նոտարական հաստատումից հետո։
– Մեկ անձը կարող է իր անվամբ գրանցել միայն մեկ տրանսպորտային միջոց։
– Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը ՀՀ-ում գրանցելու պարագայում որպես տրանսպորտային միջոցի գրանցման հասցե կնշվի շահառուի ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա հասցեն։ Բացի այդ, գրանցելու պարագայում նախկին հաշվառումը կդադարեցվի, իսկ նախկին հաշվառման համարանիշը և հաշվառման վկայագիրը կփոխարինվեն նորով։

