«ArmSat-1» արբանյակը լուսանկարներ է արել, որոնք պետական գաղտնիք են պարունակում․ ԲՏԱ նախարար

«ArmSat-1» արբանյակը ուղեծիր ուղարկելով՝ խնդիր չի դրվել Հայաստանի Հանրապետության բոլոր խնդիրները լուծել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե կուսակցության նախաձեռնող խմբի նիստում ԲՏԱ նախարարը բացահայտումներ է արել տիեզերք ուղարկած արբանյակի վերաբերյալ, Հայրապետյանն ասաց․ «Ես սովորություն չունեմ կուսակցական փակ քննարկումների բովանդակությունը հրապարակային դարձնելու։ Աչքովս ընկել են միլիոնավոր և մեկ տեղ էլ միլիարդավոր դոլարների մասին գրված հոդվածներ, դա միայն ծիծաղ է առաջացնում»։

Նրա խոսքով՝ նախաձեռնության հիմքում եղել է ընդհանրապես գործունեություն մեկնարկել տիեզերական ոլորտում և դրա համար ընտրվել է արբանյակ ունենալու տարբերակը․ «Այն տեսալուսանկարահանող արբանյակ է, առաջին անգամ մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն ունենալ արբանյակ, այլ նաև կառավարել և կառավարելու հմտություններ ձեռք բերել, որը ապագայի մեջ ներդրում է։ Այսօրվանից մենք և մեր մասնագիտական թիմերը ամբողջությամբ ստանձնել են «ArmSat-1» արբանյակի կառավարումը։ Արբանյակը կատարում է տիեզերական լուսանկարներ՝ կոնկրետ լուծաչափերով, դրանք չեն կարող լինել աշխարհի մյուս արբանյակների նման որակ ապահովող լուսանկարներ, բայց ի սկզբանե մենք նմանօրինակ խնդիր չենք էլ դրել։ 8 միլիոն դոլարի ներդրումով ամբողջ տիեզերքը նվաճելն անմտություն կլինի»։

Հայրապետյանն ասաց, որ այժմ արբանյակը գործում է և անում է լուսանկարներ․ «Հայ ինժեներները առաջին անգամ կարողանում են հասկանալ, թե ինչպես պետք է վարվել արբանյակի հետ, ինչպես է հնարավոր կառավարել արբանյակը, ինչպես կարելի է շտկել որոշակի ի հայտ եկող խնդիրները։ Սա տալիս է հնարավորություն ընդհանրապես տիեզերական գործունեության ռազմավարական մեր քայլերում ունենալ ավելի շատ հողեղեն, կոնկրետ պատկերացնումներ, այլ ոչ թե պարզապես կենացային տրամաբանություն։ Մեզ համար կարևոր է, որ մեր երկրի ներսում գիտական և հետազոտական կոնկրետ կոմպետենցիաներ կենտրոնացվեն»։

Հայրապետյանի խոսքով՝ արբանյակը արել է լուսանկարներ, որոնք պետական գաղտնիք են պարունակում։