Օհանավանում նորահայտ վաղմիջնադարյան ժայռափոր համալիրում ի հայտ են գալիս հնագիտական արժեք պարունակող նյութեր

Նոյեմբերի 4-ից շարունակվում են պեղումները (արշավախմբի պետ Մհեր Խեչոյան) Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Քասախի կիրճում գտնվող նորահայտ վաղմիջնադարյան ժայռափոր համալիրում։ «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ պեղումների ընթացքում ի հայտ են գալիս մեծ քանակի հնագիտական արժեք պարունակող նյութեր՝ խեցեղեն, մետաղյա և ապակյա առարկաներ, կենդանական ոսկորներ …
Պեղումներն ընթացքի մեջ են։

ՊՈԱԿ-ից հիշեցնում են, որ դեռևս 2024 թ․ փետրվարին ստացված ահազանգի համաձայն, ըստ որի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տարածքում կատարվող հողային աշխատանքների արդյունքում ի հայտ է եկել ժայռափոր դամբարան, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշ․ ղեկ․՝ Մհեր Խեչոյան), Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ (հնագետ՝ Դիանա Միրիջանյան) փետրվարի 14-ից պեղումներ սկսեց նորահայտ հուշարձանի տարածքում։

Հետազոտությունները ցույց են տվել, որ կիսավեր հնավայրը միջնադարյան համալիր է՝ բաղկացած առանձին դամբարանային խցերից, ընդարձակ նախասրահից, խորանից և տնտեսական բաժիններից։

Պեղումների արդյունքում ի հայտ եկան վաղմիջնադարյան խեցեղենի բազմաթիվ բեկորներ (որոնց մեջ բավականին ուշագրավ նմուշներ՝ խփեր, ճրագներ, գավաթներ․․․), մետաղե առարկաներ և այլն։
Նորահայտ դամբարանի ուսումնասիրություններն ընթանում են մի քանի փուլով։