Ադրբեջանցիները դեռ Ջերմուկում են, դուք ուզում եք ասել՝ ԳՇ պետը պետք է զենք վերցնի և գնա նրանց հանի՞․ Էդվարդ Ասրյան
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին այսօր խորհրդարանում լրագրողները հարցրին, թե Ջերմուկի բարձունքներն օկուպացրած ադրբեջանցիները ինչո՞ւ չեն նահանջում։ «Ես առաջարկում եմ՝ այդ հարցն այլևս ինձ չտալ, որովհետև դա ռազմավարական օպերատիվ նշանակության հարց է, և ես պուբլիկայի դիմաց դրան չեմ պատասխանի»,- ասաց նա։ Լրագրողները հիշեցրին, որ ԳՇ պետն ինքն էր հայտարարել՝ ադրբեջանցիները կսովածանան, կգնան, ինչո՞ւ չեն գնացել։ «Ասել եմ, դա եղել է 2022 թվականին, հիմա 2024 թվականն է, դեռ այնտեղ են։ Դուք ձեր հարցադրումով կոնկրետ ուզում եք Գլխավոր շտաբի պետին ասել, որ ԳՇ պետը պետք է զենք վերցնի և գնա այնտեղից հանի՞։ Ճիշտ հարց չեք տալիս ինձ։ Ես այդ հարցին չեմ պատասխանում»,- նշեց Ասրյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Հայաստանի 200 քկմ տարածքն օկուպացված է, բայց մենք այն հետ չենք բերելու ռազմական ճանապարհով», Ասրյանն ասաց․ «Միանշանակ ես համաձայն եմ մեր վարչապետի ասածի հետ, որովհետև կա սահմանազատման գործընթաց։ Եվ սահմանազատման գործընթացի շրջանակներում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում՝ համապատասխան սահմաններով»։ Հարցին, թե վստա՞հ է, որ այդպես կլինի, ադրբեջանցիները հետ կգնան, նա պատասխանեց․ «Այո, ես վստահ եմ։ Սահմանազատման, խաղաղ գործընթացներով դա հնարավոր է իրականացնել»։

