ՀԱՊԿ-ում չեն բացառում, որ ՀՀ-ն կվերանայի իր դիրքորոշումը կառույցին անդամակցելու հարցում

Հայաստանի ղեկավարությունը ժամանակի ընթացքում իր համար ճիշտ որոշում կկայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թալաթբեկ Մասադիկովը հայտարարել է Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ։  Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

«Ժամանակը գնում է, մարդիկ վերանայում են իրենց դիրքորոշումը, իրավիճակն աշխարհում փոխվում է։ Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը, հայ ժողովուրդը հավանաբար ճիշտ որոշում կկայացնեն՝ մնա՞լ նրանք մեր հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, թե՞ դուրս գալ», – ասել է Մասադիկովը։

Գլխավոր քարտուղարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դե յուրե Հայաստանը առ այսօր ՀԱՊԿ անդամ է, թեև կառույցի բյուջե վճարումներ չի կատարում:
«Փաստացի, Հայաստանն արդեն երրորդ տարին է, ինչ անդամավճարներ չի վճարում ՀԱՊԿ բյուջե»,- նշել է Մասադիկովը:

Միաժամանակ, նրա խոսքով, Հայաստանը շատ մեծ դրական ներդրում է ունեցել կազմակերպության ներսում հարաբերությունների զարգացման գործում և կառույցի գործունեության ուղղություններում:

«Կարծում եմ, որ խնդիրը, հավանաբար, կլուծվի, բայց Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանում, թե ոչ՝ դա արդեն պետությունների ղեկավարների հարցն է»,- նշել է Մասադիկովը։

Հայաստանն ու ՀԱՊԿ-ը

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ կողմ է հանրապետության ՀԱՊԿ-ից դուրս գալուն և ուրախ կլինի, եթե դա տեղի ունենա։ Ներկայացնելով կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը՝ ՀՀ կառավարության ղեկավարը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ երկիրը մտադիր չէ ակտիվացնել իր աշխատանքները ՀԱՊԿ-ում առաջիկա հինգ տարիներին։

Նրա խոսքով՝ Հայաստանի հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ զրոյացել է։ Սակայն, ՀՀ վարչապետը անորոշ պատասխան է տվել այն հարցին, թե ինչպես է Հայաստանը նախատեսում փոխարինել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ ամրապնդելով հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հե՞տ, թե՞ դիմելով ՆԱՏՕ-ի անդամակցությանը։

2024 թվականի սեպտեմբերին Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ պնդելով, որ կազմակերպությունը սպառնալիք է ներկայացնում հանրապետության ինքնիշխանության համար։ 2024 թվականի հոկտեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը Վարշավայում կայացած միջազգային անվտանգության ֆորումում հայտարարել է, որ Երևանը գնահատում է ՀԱՊԿ-ից դուրս գալու իր որոշման հետ կապված բոլոր ռիսկերը։ Նույն թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերությունները անցել են անդարձելիության կետը։