ԿԳՄՍ գլխավոր քարտուղարն ու նրա ամուսինը օրինախախտում են թույլ տվել, ամուսինը մնացել անպատիժ․ Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի վերջին 10 տարիների գլխավոր հաշվապահ, այժմ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանի ամուսինը՝ Վարդան Սարգսյանը, մի քանի ընկերություններում աշխատելով, պետությանը հասցրել է գրեթե 35-40 մլն դրամի վնաս։ Կնոջ գործոնով պայմանավորված՝ այդ մասին որեւէ պաշտոնական հայտարարություն չի հնչել, ամեն բան կոծկվել է, իսկ պատիժը եղել է ընդամենը հասցված վնասի վերականգնումը: Ընկերության աշխատանքի պատճառով հասցված վնասը եղել է 2013-2022 թվականներին։

Համաձայն Վարդան Սարգսյանի հայտարարագրի՝ նա երեք ընկերություններից ստացել է աշխատանքի վարձատրություն՝ «ՖԻՇՄԵՆ ԻՄՊՈՐՏ», «ԱՐՏՖԱՐՄ», «ՔԼԵՎՐ ՏԵՔ» ընկերություններից՝ համապատասխանաբար 4 մլն 200 հազար, 312 հազար դրամ եւ 510 հազար դրամ։ Ընկերությունները պատկանում են 3 տարբեր անձանց։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս չարաշահման վերաբերյալ քրեական վարույթ կա նախաձեռնված, իսկ Վարդան Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավված եղել այս գործում։ Սարգսյանը անգամ խոստովանել է, որ չարաշահում է թույլ տվել, վնասը փոխհատուցվել է, ինչի պատճառով այս գործը ծածկադմփոց են արել ու կոծկել, քանի որ Հասմիկ Հակոբյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ընկերուհիներից է եւ վաղեմի գործընկերը՝ դեռ ԾԻԳ-ում աշխատելու ժամանակահատվածից: Այս պատճառով ծածկել են գործը, եւ որեւէ իրավական կառույց պաշտոնական հայտարարություն չի տարածել հիշյալ չարաշահման գործով։ Այժմ էլ Հասմիկ Հակոբյանը ԿԳՄՍՆ-ում համարվում է Անդրեասյանի աջ ձեռքը. բոլոր ֆինանսական հարցերը լուծվում են Հակոբյանի միջոցով: