ՌԴ կառավարությունը հավանություն է տվել «չայլդֆրի» քարոզչությունն արգելող օրինագծին

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել օրինագծին, որը վարչական տույժեր է նախատեսում երեխա ունենալու դեմ քարոզչության համար (այսպես կոչված՝ «չայլդֆրի»)

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Օրինագիծը նախատեսում է, որ այս կերպ պաշտպանություն կսահմանվի համացանցում, լրատվամիջոցներում, ֆիլմերում և գովազդներում երեխաներից հրաժարվելը խթանող տեղեկատվության տարածումից։
«Ռուսաստանի Դաշնության կառավարությունն աջակցում է օրինագծին՝ պայմանով, որ այն կլրամշակվի»,- ասվում է եզրակացության մեջ։
Փաստաթուղթը բարելավումների կարիք ունի, ընդգծել է կառավարությունը: Մասնավորապես, պետք է հստակեցվի «երեխա ունենալուց հրաժարվելու» հասկացությունը։ Սա անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ կրոնական նկատառումներով, բժշկական պատճառներով կամ բռնաբարության դեպքում երեխա ունենալու մերժումն անհիմն քննադատվի որպես «չայլդֆրի» քարոզչության դրսևորում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով նախաձեռնությունը, կոչ է արել հրաժարվել այն ամենից, ինչը նվազեցնում է ծնելիությունը երկրում: