Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է 3 կետ. Ալիևը դժգոհել է
Իլհամ Ալիևը հայտարարել է, թե հայկական կողմը, ուղարկելով Բաքվի վերջին առաջարկների պատասխանը, բոլոր չհամաձայնեցված դրույթները հանել է խաղաղության պայմանագրի նախագծից:
Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանի ամբիոնից, մեղադրելով պաշտոնական Երևանին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ժամանակ ձգելու մեջ:
«Մենք ստիպված էինք 70 օր սպասել, մինչ նրանցից ստացանք վերջին տարբերակը։ Բոլոր չհամաձայնեցված դրույթները դուրս են մնացել խաղաղության պայմանագրի իրենց տարբերակից։ Նման պարզունակ և ոչ ադեկվատ քայլը, անկեղծ ասած, անսպասելի էր»,-դժգոհել է Ադրբեջանի «խաղաղասեր» նախագահը՝ միաժամանակ ըդգծելով, որ «բոլոր ռազմական գործարաններում արդիականացման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ Արտադրվում են նոր սարքավորումներ, տեխնիկա, զենք և զինամթերք»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է ստորագրել «խաղաղության համաձայնագրի» արդեն համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Նա նաև հայտնել էր, որ համաձայնեցվել է 16 հոդվածներից 13-ը։

