ԱԺ նախագահին Կանադայից զանգել-խնդրել են, որ չգա․ ինչու է չեղարկվել Ալեն Սիմոյանի այցը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-30-ը ԱԺ ՔՊ պատվիրակությամբ պետք է մեկներ Կանադա՝ Օտտավա։ Այցը, սակայն, չի կայանալու։
«Այցը չի չեղարկվել, հետաձգվել է՝ պայմանավորված Կանադայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով։ Կոալիցիոն ուժերից մեկը դուրս է եկել կոալիցիայի կազմից, ու երկրում ճգնաժամ է ստեղծվել։ Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի նախագահը զանգել է պարոն Սիմոնյանին ու խնդրել, որ սպասվելիք այցը հիմա տեղի չունենա, և ժամկետները հետաձգվեն, մինչև երկրում այդ ճգնաժամը կհանգուցալուծվի, պարոն Սիմոնյանն էլ համաձայնել է, ու չի լինելու պատվիրակության այցը այս պահին»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Yerevan.Today-ին հայտնի են դարձել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Կանադա այցի չեղարկման իրական պատճառները: Լրատվամիջոցի աղբյուրները նշում են, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հրաժարվել են ընդունել Կանադայի հայ համայնքի տարբեր շրջանակներ։
Պատվիրակության կազմը միայն ՔՊ անդամներով համալրելն էլ իր հերթին խնդիրներ է առաջացրել Կանադայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ կազմակերպելու առումով։ Կանադայի պաշտոնական շրջանակները հրաժարվել են հանդիպել ժողովրդավարության սկզբունքների կոպիտ խախտումով կազմված, միայն քպականներ ընդգրկող պատվիրակության հետ։
Այս ամենը հանգեցրել է այցի չեղարկմանը։

