Մի կողմից, իշխանության ուրացումը, մյուս կողմից՝ տիտղոսային ընդդիմության «Վերադարձ»-ի բլեֆը

Երկրին քաղաքական նոր բովանդակություն է պետք

Սեպտեմբերի 2-ը ինձ մոտ շատ ծանր տպավորություն թողեց:

Մի կողմից, իշխանության ուրացումը, մյուս կողմից՝ տիտղոսային ընդդիմության «Վերադարձ»-ի բլեֆը:

Ուրացումն ու պատրանքը հավասարաչափ վտանգավոր են պետականության համար. մի կողմից, խարխլվում է պետության ինստիտուցիոնալ հիշողությունը, ժառանգականությունը, մյուս կողմից՝ ռազմավարական մտածողությունը զոհաբերվում է պատրանքներին, միֆերին:

Փաշինյանի ուրացման, Արցախի գերեզմանափոր լինելու մասին երեկ հանգամանալից խոսել եմ, իսկ ի՞նչ է խորհրդարանական ընդդիմության հռչակած «Վերադարձը»:

Քաղաքական ծրագի՞ր է:

Բայց որտե՞ղ եք տեսել քաղաքական ծրագիր՝ առանց ռեալիստական հենքի:

Արցախի մեր հայրենակիցների վերադարձ հնարավոր է երեք պարագայում.

  • Եթե Հայաստանը նոր պատերազմում հաղթի Ադրբեջանին:

Պատերազմի թեզն ինքնին վտանգավոր է՝ տեղավորվելով անիրական ֆանտազիայի դաշտում:

  • Եթե գործեն միջազգային ամուր երաշխիքներ:

Սա բացարձակապես անիրական մի բան է տուրբուլենտ աշխարհի պայմաններում և հետո՝ Ռուսաստանը կամ Արևմուտքը, հանուն արցախցիների, որևէ բան Ադրբեջանին պարտադրելու ռազմավարական շահ չունեն:

  • Եթե արցախցիները համաձայնեն վերադառնալ Ալիևի պայմաններով:

Եթե այդպիսի հնարավորություն լիներ, այդ մարդիկ մեկ տարի առաջ ստիպված չէին լինի հեռանալ իրենց հայրենիքից:

Փաշինյանի ուրացման քաղաքականությունը Հայաստանը դարձնելու է ադրբեջանական ենթապետություն, ոմանց «ռոմանտիկան» սպանելու է քաղաքական հասարակությունը, այլ խոսքով՝ պետությունը:

Երկրին քաղաքական նոր բովանդակություն է պետք՝ քաղաքակրթական վերածնունդ: Այս դաշտում եմ տեսնում իմ և թիմակիցներիս առաքելությունը:

 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանց