Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից

Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը՝ հաշվի առնելով ՌԴ նախագահի՝ Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անցկացրած բանակցությունները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ն. Փաշինյանի հետ զրույցում վերահաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի առաջմղման, ինչպես նաև տրանսպորտային-հաղորդակցային կապերի ապաշրջափակման հարցերում։

Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակման ժամանակ հատուկ ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան», – նշված  է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նույնպես հաղորդագրություն էր տարածել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին։