Արգելվում է բոլոր տեսակի կրծողների և պրիմատների ներմուծումը Հայաստան

Oգոստոսի 21-ից արգելվում է բոլոր տեսակի կրծողների և բոլոր տեսակի պրիմատների ներմուծումը և տարանցիկ փոխադրումը Հայաստանի տարածքով: Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Կապիկների ծաղիկ հիվանդության բռնկումների և աղբյուրների  կանխարգելման նպատակով՝  սույն թվականի օգոստոսի 21-ից արգելվում է բոլոր տեսակի կրծողների (կենդանի և սատկած (կենդանիների կերակրման համար)) և բոլոր տեսակի պրիմատների ներմուծումը և տարանցիկ փոխադրումը  Հայաստանի Հանրապետության տարածքով՝ մինչև առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պարզաբանումների հարապարակումը»,- այս մասին ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝  նախօրեին հրավիրված ասուլիսում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ)  տնօրեն Ստեփան Աթոյանն ասել էր, որ մեր տարածաշրջանը կապիկների ծաղիկ հիվանդության տարածման առումով համարվում է ռիսկի ցածր գոտի։

Ի՞նչ է «Կապիկի ծաղիկը»

Այն վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի որոշ  երկրներում:

Վիրուսը փոխանցվում է կա՛մ վարակված կենդանու կծելուց, կա՛մ վայրի կենդանու միսն ու մորթին օգտագործելուց, հազվադեպ՝  մարդու կամ վիրուսով բաղարկված նյութի հետ շփումից: Վիրուսն օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի, շնչառական ուղիների կամ լորձաթաղանթների (աչք, քիթ, բերան, սեռական ուղի) միջոցով:

Գաղտնի շրջանը  5-21 օր է,
Ախտանշանները` տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն:
Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, որը սկսվում է դեմքի շրջանից, ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:

Հիվանդությունը սովորաբար թեթև է ընթանում,  շատերը վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում  կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը 0-11%):

Ապացուցվել է, որ նախկինում բնական ծաղիկի դեմ կատարված պատվաստումը 85 %-ով արդյունավետ է նաև «Կապիկի ծաղիկ» հիվանդության համար։ Ներկայումս ԱՀԿ-ի կողմից հաստատված երկու պատվաստանյութ օգտագործվում է այս հիվանդության դեմ:

Ինչպե՞ս կանխարգելել

ՀՀ առողջահության նախարարության խորհուրդները.
Լինել իրազեկված
Պահպանել ձեռքերի հիգիենայի կանոնները
Բացառել ցանավորում ունեցող անձանց հետ շփումը
Աֆրիկա  ճամփորդելիս  կամ այնտեղից վերադարձած անձի հետ շփումից  հետո մաշկի  ցանավորման և այլ ախտանշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմել վարակաբանի: