Լուկաշենկոյի վիրավորական ելույթից հետո Ղազախստանի ԱԳՆ-ն հրավիրել է Բելառուսի դեսպանին

Բելառուսի դեսպան Պավել Ուտյուպինին հրավիրել են Ղազախստանի ԱԳՆ, տեղեկացրել է Tengrinews.kz-ը։

Ղազախստանի փոխվարչապետ-արտգործնախարար Մուրատ Նուրտլեուի և Ուտյուպինի հանդիպման ժամանակ քննարկվել են ղազախա-բելառուսական համագործակցության հրատապ հարցերը։

«Նախարարն ընդգծել է, որ Ղազախստանն իրականացնում է հավասարակշռված և խաղաղ արտաքին քաղաքականություն։ Մեր երկիրը համոզված է, որ բոլոր տարաձայնությունները պետությունների միջև պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում։

Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում պետության ղեկավարի վարած քաղաքականությունն ապացուցել է իր արդյունավետությունը, նշել են ԱԳՆ-ում։

Նախարարը բելառուսական կողմին կոչ է արել «օբյեկտիվ գնահատել Աստանայի դիրքորոշումը»։

Մինչ այդ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Ռոսիա» հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել  էր, որ «որոշ հետխորհրդային երկրներ ձգտում են շահ ստանալ Ռուսաստանից՝ փոխարենը ոչինչ չտալով»։

Նա հերթական անընդունելի և կոպիտ արտահայտություններն էր արել նաև Հայաստանի հասցեին։

«Ո՞ւմ են պետք հայերը՝ մեզանից բացի։ Ոչ մեկին։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և կողմնորոշվեն իրենց ռեսուրսներով։ Ի՞նչ Ֆրանսիա կամ Մակրոն։ Վաղը նա չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,- ասել էր Լուկաշենկոն։

Ըստ նրա՝ իրենք ՌԴ-ի հետ փաստացի «նույն նավակում են»։

«Եթե այն շրջվի, կխորտակվենք բոլորս։ Չարժե թաքցնել մեր դաշնակցային հարաբերությունները։ Մենք մեզ որոշ այլ պետությունների պես չենք պահում, որոնք միայն ցանկանում են վերցնել Ռուսաստանից՝ ոչինչ չտալով»,- ասել էր Լուկաշենկոն։

Նրա կարծիքով՝ այս իրավիճակը չի կարող շարունակվել։

«Եկեք միասին լինենք։ Ժամանակը սարերի հետևում չէ, երբ ստիպված կլինեք դիմել Ռուսաստանին աջակցության համար։ Ճգնաժամի դեպքում, ինչպես եղավ Ղազախստանում, բոլորը դիմում են Պուտինին օգնության համար։ Եվ մենք (ՀԱՊԿ-ը) արագ արձագանքեցինք՝ այնտեղ ուժեր ողարկելով և հնազանդեցնելով անկարգությունները»- նշել է նա։

Նա վստահություն է հայտնել, որ ծայրահեղ դեպքերում ԱՊՀ երկրները նորից կդիմեն Ռուսաստանի և Բելառուսի օգնությանը։

Հետխորհրդային տարածքի այլ երկրների ևս բաժին է հասել։

«Ո՞վ է ապրանքներ սպասում Ղազախստանից կամ Ուզբեկստանից Ամերիկայում կամ ԵՄ-ում։ Ոչ, նրանք ձգտում են վաճառել Ռուսաստանում։ Մենք ընդհանուր շուկա ունենք, և այն կորցնելը նպատակահարմար չէ»,- ավելացրել է Լուկաշենկոն։