ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետը մեղադրվում է կաշառակերության մեջ. նրա մոտ հայտնաբերվել է 100 մլն ռուբլի. ՌԴ ՔԿ
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության կադրերի վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովի դեմ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 290 հոդվածի 6-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառքի ստացում), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Քննության տվյալներով՝ 2021-2023թթ., լինելով ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի 8-րդ վարչության պետը, Կուզնեցովը կաշառք է ստացել առևտրային կառույցների ներկայացուցիչների կողմից հօգուտ իրենց որոշակի գործողություններ կատարելու համար»,- ասված է մամուլի հաղորդագրությունում։ Թե ինչ գործողությունների մասին է խոսքը, ՌԴ Քննչական կոմիտեն չի նշում։
ՌԴ ՔԿ-ն հայտնում է, որ «կասկածյալի փաստացի կեցության և գրանցման վայրերում» գտել են ռուբլով և արտարժույթով դրամական միջոցներ՝ ավելի քան 100 մլն ռուբլու չափով (մոտ 1 մլն ԱՄՆ դոլար), ինչպես նաև ոսկե դրամներ, կոլեկցիոն ժամացույցներ և «շքեղ իրեր»։
Դատարանը որոշում է կայացրել գեներալին ուղարկել մեկուսարան, հաստատել է ՔԿ-ն։ Մինչ այդ նրա ձերբակալման մասին տեղեկացրել էին լրատվամիջոցները։
Ձերբակալումը տեղի է ունեցել պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի դեմ աղմկալի գործի և Սերգեյ Շոյգուի՝ ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռանալու ֆոնին։

