Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել

Ադրբեջանը հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Շուշիում հերթական գերեզմանատունն է վնասել։ Այս մասին կրկին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության («Caucasus Heritage Watch») միջազգային կազմակերպությունը:

«Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։ Վտանգված են առանց այն էլ մասնատված տապանաքարերը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ որ օրեր առաջ Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը կրկին ահազանգել էր, որ հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես «Երևանյան դարպասների» մոտի գերեզմանոց։

Այն 5-րդ հայկական գերեզմանոցն է, որը տուժել է 2020 թվականի նոյեմբերից՝ Մեծ Թաղերի և Սղնախի ավերումից և Ն. Շուշիի և Վազգենաշենի  մերձակայքում գտնվող գերեզմանատների վնասումից հետո։