Թրամփն ու Մակրոնը քննարկել են Իրանում, Սիրիայում իրավիճակն ու ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիային և Իրանին վերաբերող հարցեր, ինչպես նաև ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը, որը ծրագրված է դեկտեմբերի սկզբին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը:

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ղեկավարները քննարկել են հետագա քայլերն Իրանի և Սիրիայի նկատմամբ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ղեկավարների առաջիկա հանդիպումը Լոնդոնում»։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում: Նախագահները պայմանավորվել են հանդիպել գագաթնաժողովի շրջանակում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՆԱՏՕ-ի մասին խոսելիս հայտարարել էր, որ դաշինքի «ուղեղը մահացել է»։