Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ

Երևանի ավագանու անդրանիկ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը 32 կողմ ձայնով ընտրվեց Երևանի քաղաքապետ։

Իր ելույթում Ավինյանը շնորհակալություն հայտնեց երևանցիներին, բոլոր այն մարդկանց, ովքեր 2023 թ. սեպտեմբերի 17-ին գնացել են ընտրատեղամասեր, և իրենց ձայնը տվել են իրենց քաղաքական ուժին, նաև նրանց, ովքեր իրենց ձայները տվել են մյուս քաղաքական ուժերին:

«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ավագանու անդամներին, ովքեր այսօր ընտրեցին քաղաքապետ և ես խոստանում եմ ծառայել Երևանին, ՀՀ-ին՝ բոլոր այն սկզբունքների հիմքով, որը դեռ 2018 թ.-ից մենք հայտարարել ենք»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրական շեմը հաղթահարել էր 5 քաղաքական թիմ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։

Մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր» – 24 մանդատ

«Ազգային առաջընթաց» – 14 մանդատ

«Մայր Հայաստան» – 12 մանդատ

«Հանրապետություն» – 8 մանդատ

«Հանրային ձայն»- 7 մանդատ։

Սա նշանակում է, որ որևէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել, և քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ կլինի կոալիցիա ձևավորել:

Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն ու Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել էին, որ չեն մասնակցելու ավագանու նիստին՝ կոչ անելով անցողիկ շեմը հաղթահարած ոչ իշխանական մյուս ուժերին ևս բոյկոտել նիստը և հիմք ստեղծել Երևանում նոր ընտրությունների անցկացման համար։ «Հանրային ձայն» և «Հանրապետություն» կուսակցությունները որոշել էին չբոյկոտել ավագանու նիստը։