Էրդողանը հույս ունի Պուտինի հետ խոսել մինչև հացահատիկի գործարքի ժամկետի ավարտը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչև հացահատիկի գործարքի ժամկետի ավարտը: Այս մասին հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը: Գրում է rbc.ru-ն:

Հացահատիկի գործարքն ավարտվում է երկուշաբթի՝ հուլիսի 17-ին:

«Պարոն Պուտինը հասկանում է պարոն նախագահի (Էրդողանի – խմբ.) զգայունությունն այս թեմայի շուրջ։ Մենք նաև շահագրգռված ենք, որ արտադրանքը հասնի կարիքավոր երկրներին։ Մինչև այդ օրը (հուլիսի 17 – խմբ.) պարոն նախագահը բանակցություններ կվարի պարոն Պուտինի հետ», – ասել է Չելիքը Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ երկկողմ հարաբերություններում ճգնաժամ չի լինի, քանի որ երկրների ղեկավարները միշտ ընդհանուր լեզու են գտել զգայուն հարցերի շուրջ: