Երևան-Փարիզ-Երևան չվերթը չեղարկվել է թուրքական արգելքի պատճառով

FlyOne Armenia ընկերությունը երեկ՝ մայիսի 2-ին, չեղարկել է Երևան-Փարիզ-Երևան չվերթը, քանի որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերության համար։ Այս մասին հայտնել է FlyOne Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

«80 ուղևոր Երևանից չի կարողացել թռչել Փարիզ։ Աշխատանքներ ենք իրականացնում նրանց կրած վնասները փոխհատուցելու ուղղությամբ»,- նշել է Անանյանը, հավելելով, որ այսօր նախատեսված չվերթների մասին ավելի ուշ տեղեկություն կտրամադրեն։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց տեղեկացնելու՝ ապրիլի 29-ին չեղարկել էր Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ Ինչի պատճառով Փարիզ-Երևան օդանավը հարկադրված վայրէջք էր կատարել Քիշնևի օդանավակայանում։