Թուրքիայի պաշտպանության նախարարը Շուշիում մասնակցել է Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարների հանդիպմանը
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Շուշիում մասնակցել է Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը: Ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նա անդրադարձել է Անկարայի և Բաքվի ռազմական համագործակցությանն ու համատեղ ռազմարդյունաբերական ծրագրերին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Ուշադրություն հրավիրելով երկու երկրների միջև համագործակցության ռազմավարական բնույթին՝ Գյուլերը նշել է, որ ցամաքային, օդային և հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ ամենամյա զորավարժությունները նպատակ ունեն ապահովելու բանակների գործառնական համատեղելիությունը:
Անդրադառնալով կողմերի միջև ստորագրված դաշնակցային հռչակագրին՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է. «Շուշիի հռչակագիրն ավելի է ամրապնդել մեր համագործակցության քաղաքական և ռազմավարական հիմքերը: Անվտանգության հարցերում մեր համերաշխությունը իրավիճակային ընտրություն չէ, այլ ռազմավարական գործընկերության բնական հետևանք: Մեր մոտեցումը հստակ է՝ «Ուժեղ Թուրքիան նշանակում է ուժեղ Ադրբեջան է, իսկ ուժեղ Ադրբեջանը՝ ուժեղ Թուրքիա»»:
Թուրքիայի պաշտպանության նախարարը ընդգծել է, որ ռազմարդյունաբերության ոլորտում հարաբերությունները չեն սահմանափակվելու միայն պատրաստի արտադրանքի մատակարարմամբ․ շեշտը դրվելու է տեխնոլոգիաների փոխանակման, համատեղ արտադրության և կարողությունների զարգացման վրա: Գյուլերի խոսքով՝ մեծ պոտենցիալ կա համատեղ նախագծեր իրականացնելու 5-րդ սերնդի «KAAN» կործանիչի, ինչպես նաև «ANKA III» և «Bayraktar KIZILELMA» անօդաչու թռչող սարքերի ու օդային համակարգերի ուղղությամբ:
Ներկայացնելով Թուրքիայի մինչև 2035 թ. տեսլականը՝ Գյուլերը շեշտել է տեխնոլոգիական անկախության հասնելու և ժամանակակից տեխնոլոգիաներում ազգային կարողությունները զարգացնելու անհրաժեշտությունը:
Նաև հավելել է, որ մինչև 2035թ. նախատեսվում է զարգացնել հետախուզական, դիտարկման, էլեկտրոնային աջակցության և տարածաշրջանային տեղորոշման արբանյակային համակարգերը՝ Թուրքիայի զինված ուժերի կարիքներն ամբողջությամբ բավարարելու համար:

