Երևանում «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրմանն ի պատասխան փակեցինք մեր օդային տարածքը. Չավուշօղլու

Թուրքիան իր օդային տարածքը փակել է հայկական ավիաընկերությունների՝ դեպի երրորդ երկրներ չվերթներ կատարող ինքնաթիռների համար։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում։

«Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումն անընդունելի է․ ես չեմ կարող դա ընդունել։ Ի պատասխան՝ մենք փակեցինք մեր օդային տարածքը հայկական ինքնաթիռների՝ Հայաստանից դեպի երրորդ երկրներ չվերթների համար։ Օդային ճանապարհով Թուրքիա կգա միայն Հայաստանի խորհրդարանի նախագահը․ բացառիկ դեպքի համար ենք թույլ տվել։ Մենք օդանավերի թռիչքը մեր երկիր կթողնենք անհրաժեշտության դեպքում, իսկ մեր երկրի օդային տարածքով թռիչքները թույլ չենք տա, քանի դեռ շարունակվում են սադրանքները (Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ)։ Եթե նրանք չդադարեցնեն դրանք, ապա մենք այլ քայլեր կձեռնարկենք»,- հայտարարել է Չավուշօղլուն։