Փաշինյան-Ալիև գաղտնի պայմանավորվածության համաձայն հայկական բարձունքները հանձնվել են թշնամուն
Դավաճանը ծախում է Հայաստանի ու Արցախի տարածքները
Արցախն աշխարհին կապող ճանապարհը` Բերձորի միջանցքը, շարունակում է շրջափակված մնալ ահաբեկչական Ադրբեջանի կողմից: Այսօր շրջափակման 110-րդ օրն է: Արցախցին շարունակում է իր գոյապայքարը հանուն իր հայրենքի, որի ամեն մի թիզը ներծծված է իր անձնազոհ որդիների թափված արյամբ, պայքարում է հանուն իր պապերի շիրիմների, հանուն իր հազարամյա եկեղեցիների ու շեների…
Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերն սկսել են առավել հաճախակի խախտել հրադադարի ռեժիմը:
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունների համաձայն`թշնամու զինված ուժերը, նախ, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտեցին շփման գիծը` գրանցելով դիրքային առաջխաղացում: Ապա, մարտի 27-ին առաջխաղացում ունեցան Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքների ուղղությամբ։ Մարտի 30-ին ռուս խաղաղապահները գրանցեցին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտում Արցախի Մարտունու շրջանի տարածքում: Իսկ գիշերը թշնամու զինուժը փակեց Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի հատվածում:
Ադրբեջանի նպատակներն ակնհայտ են` ամբողջությամբ վերահսկելի դարձնել Ստեփանակերտ տանող ճանապարհներն ու բարձունքները: Ադրբեջանը քայլ առ քայլ գրավում է մեր հայրենիքի` Արցախի ու Հայաստանի տարածքները, ամրանում կարևորագույն բարձունքների վրա ու այս ամենն արվում է ՀՀ հակահայկական իշխանության հետ ուղղակի համաձայնեցված:
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սյունիքի Տեղ գյուղը կապիտուլյանտների ձեռքով այսօր դարձավ լիարժեք սահման: Տուն ու Տեղ ենք կորցնում։ Ու կորցնելու ենք, քանի դեռ չկա ազգային իշխանություն»:
ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը` Փաշինյանը, երեկ կառավարության նիստում խոսելով իրավիճակի մասին` բացահայտ ստեց, ասելով, թե հայկական դիրքերի որևէ փոփոխություն չի եղել, թե Հայաստանը տարածք չի կորցրել, պարզապես, նույն դիրքերից ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ-ի ստորաբաժանումները դուրս են գալու, նրանց փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերը: Մինչդեռ Սյունիքից ու Արցախից եկող տեղեկատվությունը բոլորովին հակառակի մասին է փաստում, որ թշնամին նորից տարածքներ է զավթել, իր վերահսկողության տակ առնելով Հայաստանի ու Արցախի սահմանային կարևոր բարձունքներ:
Ստախոսի հայտարարությունից ժամեր անց ՀՀ ԱԱԾ-ն փորձեց փոքր-ինչ հավաստի տեղեկատվություն փոխանցել: Հաղորդագրության մեջ նշվեց, որ ադրբեջանականան կողմը խախտելով հայկական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, հինգ կետերում` սահմանից 100-300 մետր առաջ, դիրքավորվել է ու իրականացնում է ինժեներական աշխատանքներ: Եվ դա այն դեպքում, երբ սահմանի այդ հատվածների պահպանությունը պետք է անցներ ՀՀ սահմանապահ զորքերին:
Ռազմական փորձագետներն ահազանգում են, որ Ադրբեջանը փորձում է ամբողջովին շրջափակել Արցախը, փակելով նաև այլընտրանքային ճանապարհը և տեղադրելով անցագրային կետ: Այս կերպ վերահսկելի դարձնելով Հայաստանից Արցախ գնացող տրանսպորտային և մարդկային ցանկացած շարժ: Ըստ պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի` սա ձեռնոց է նետված ռուս խաղաղապահներին. «Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նման բան նախատեսված չէ»:
Ավելի ուշ շրջանառվեց մի տեսանյութ, որում պարզ երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինուժը շտապում ամրանալ օկուպացված հայկական Տեղ համայնքի մերձակայքում:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Սյունիքում ստեղծված իրավիճակը մեկնաբանեց այսպես. «ՀՀ իշխանությունը պայմանավորվածություն ունենալով կամ նվազագույնը տեղյակ լինելով ՀՀ-ն Արցախին կապող երթուղու փոփոխության ժամկետից, ժամանակին բանակը կամ ԱԱԾ սահմանապահ զորքերը չի տեղակայել այդ հատվածում: Իսկ Ադրբեջանն օգտվելով հնարավորությունից, եկել և դիրքավորվել է բարենպաստ բարձունքներում, հատվածներում` հենց սահմանագծին, իսկ ՀՀ իշխանության հանցավոր անգործության հետևանքով ՀՀ դիրքապահները հետագայում ստիպված կտեղակայվեն մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում, իսկ ՀՀ տարածքի հաշվին չեզոք` միջդիրքային, տարածություն կձևավորվի»:
Այո, փաստերը պարզորոշ ցույց են տալիս, որ Փաշինյանը, չնայած տեղյալ է եղել Հայաստանը Արցախին կապող երթուղու փոփոխության ժամկետի մասին, սակայն հայկական սահմանապահ զորքերին չի հրահանգվել ժամանակին տեղակայվել սահմանային այդ հատվածում: Սրանով Փաշինյանը հնարավորություն է տվել Ադրբեջանին օկուպացնել հայկական բարձունքները: Հետևաբար, Սյունիքում թշնամու ակտիվ գործողությունները Փաշինյանի-Ալիև գաղտնի պայմանավորվածությունների հետևանք են։
ՀՀ իշխող հակահայ վարչախումբը գնում է Արցախի ամբողջական հանձման ու Հայաստանի մասնատման ճանապարհով:
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Սյունիքում մարդիկ խիստ անհանգստացած են. մեզ փոխանցում են իրենց զայրույթը, վրդովմունքը, ասելով` թուրքը եկել ու մեր քթի տակ է կանգնել, մեր շեների գլխին, իսկ Հայաստանի իշխանությունը ոչ մի քայլ չի անում իրավիճակը շտկելու համար: Մարդիկ ասում են, եթե ներկայիս իշխանությունը բարեհաճեր ժամանակին կառուցել Արցախը Կոռնիձորով Հայաստանին կապող ճանապարհը, ապա Արցախը չէր հայտնվի հումանիտար աղետի առաջ, Ադրբեջանն էլ չէր օգտվի ստեղծված բարձիթողի վիճակից ու անկարող կլիներ նոր բարձունքներ գրավել Արցախում:
Իսկ Սիսիանում, ընդամենը օրեր առաջ` մարտի 27-ին կայացած ՏԻՄ ընտրություններում` վախի, փողի, իշխանական զոռբայության ու տարատեսակ ճնշումների ազդցության տակ սիսիանցին գնաց ու իր քվեն տվեց թրքահպատակ Փաշինյանի նախընտրելի թեկնածուին…
Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են…
Բայց սրա հետ մեկտեղ Սյունիքում արթուն է իսկական հայը: ՔՊ-ական թրքահպատակներին կամակատար դարձած նյութապաշտների կողքին կան ու բազմաթիվ են արժանապատիվ մարդիկ, որոնք հրաշալի գիտակցում են, որ Նիկոլի խաղաղության օրակարգը պարզապես ծուղակ է հայ ժողովորդի համար, որ այն ցեղասպանական ծրագիր է` խաղաղության անվան տակ: Սյունեցին լավ գիտի, որ թուրքի հետ խաղաղություն կարող է հաստատվել միմիայն ուժով ու զենքով:
Ստորև տեսանյութը, թե ինչպես է ադրբեջանական զինուժը օկուպացրել է Տեղ գյուղի դիրքերն ու ամրացել հայկական բարձունքներում։
Արմինե Սիմոնյան

