Կարմրուկի համաճարակի վտանգ չկա և սահմանափակող միջոցներ չեն նախատեսվում․ նախարար

Հայաստանում ախտորոշված կարմրուկով 20 բուժառուներից 19-ը գտնվում են հիվանդանոցում, մեկն արդեն դուրս է գրվել։ Նրանցից 15-ը երեխաներ են։ Եվ ոչ ոք պատվասված չէ։ Այս մասին մարտի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ եվրոպական տարածաշրջանում, ԱՀԿ տվյալներով, արդեն 2022 թվականից նկատվում է հիվանդության ակտիվացում, և վարակի ներմուծումը Հայաստան մասնագետների համար կանխատեսելի էր։ Առաջին դեպքը ներմուծված էր։ Բոլոր դեպքերն արձանագրվել են Երևանում, մարզերում դեռևս կարմրուկի դեպքեր չկան։

Նախարարը նշել է, որ կարմրուկի դեմ արդյունավետ պայքարի համար կարևոր տարրեր են արագ ախտորոշումը, շփման մեջ գտնվող անձանց շրջանակի որոշումը և նրանց պատվաստումը 72 ժամվա ընթացքում:

Պաշտպանության ամենաարդյունավետ մեթոդը, նրա խոսքով, պատվաստումն է։ Ըստ ազգային օրացույցի՝ Հայաստանում երեխաները պատվաստանյութի երկու չափաբաժին են ստանում՝ 1 տարեկանում և 4-6 տարեկանում։ «Երկու դեղաչափից հետո վարակի հավանականությունը գրեթե զրոյական է»,-նկատել է նախարարը։

Նախարարը հավելել է, որ այս պահին համաճարակաբանական որևէ սահմանափակող միջոցների կարիք չկա։ Մենք առայժմ գործ ունենք հիվանդության ոչ մեծ բռնկման հետ, համաճարակի կամ համաճարակի վտանգի մասին առայժմ խոսք չկա։

Նա հավելել է, որ կարմրուկը մարդկությանը վաղուց հայտնի հիվանդություն է, և դրա դեմ պայքարի մեթոդները նույնպես հայտնի են: Հայաստանում հիվանդության վերջին բռնկումը, համընդհանուր պատվաստումների շնորհիվ, եղել է 2006-2007 թվականներին, և այժմ հիվանդությունը համավարակի չի վերածվում երեխաների 95 տոկոսանոց պատվաստումների շնորհիվ։

Նա հավելել է, որ բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են պատվաստանյութերով, իսկ պատվաստումների գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար կստեղծվեն նաև շարժական կենտրոններ: