Մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր ռազմական և պաշտպանական իրադարձությունները․ «Հենակետ»
«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր ռազմական և պաշտպանական իրադարձությունները:
Չինաստան
- Չինաստանի ռազմածովային ուժերի երկու նավեր Ֆիլիպինների ռազմածովային ուժերի պարեկային նավը որսացել են Հարավչինական ծովում գտնվող Սփրաթլի արշիպելագի վիճելի կղզիների մոտ՝ թույլ չտալով, որ այն մոտենա սահմաններին։
- Ֆիլիպինների նախագահի և ԱՄՆ պաշտպանության նախարարի միջև բանակցությունների արդյունքում Պենտագոնը հասանելիություն է ստանում երկրի տարածքում գտնվող եւս չորս ռազմաբազաների՝ նախկինում համաձայնեցված հինգ օբյեկտներից բացի: Այսպիսով, ԱՄՆ-ը հետևողականորեն մեծացնում է իր ռազմական ներկայությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանին զսպելու համար:
- ԱՄՆ-ում վստահ են, որ երկրի տարածքի վրա բարձրահարկ աերոստատը (օդապարիկը) պատկանում է Չինաստանին։ NORAD-ն արդեն հրապարակել է օդապարիկի հնարավոր երթուղին Ալյասկայով և Կանադայով։ Օդապարիկն առաջին անգամ նկատել են փետրվարի 2-ին Կոմերցիոն օդանավի ուղեւորների կողմից, ոչ հակաօդային պաշտպանության համակարգով: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի օդային տարածքում հայտնված օդապարիկն իսկապես ժամանել է ՉԺՀ-ի օդային տարածքից, սակայն «քաղաքացիական ծագում ունի» եւ նախատեսված է օդերեւութաբանական հետազոտությունների համար: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգել է Չինաստան նախատեսված այցը Միացյալ Նահանգների երկնքում հայտնված օդապարիկի պատճառով: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարության մեջ հայտնում է, որ խոցված օդապարիկը գործարկվել է Չինաստանի կառավարության կողմից և իրականացրել է ԱՄՆ տարածքում ռազմավարական օբյեկտների հետախուզում:
- ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը հայտարարել է, թե Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հրաման է տվել զինվորականներին պատրաստ լինել 2027թ.-ին Թայվանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու գործողություն իրականացնելու համար: «Սա չի նշանակում, որ Սին որոշել է ներխուժել, բայց դա հիշեցում է նրա ուղենիշների և հավակնությունների լրջության մասին»,- նշել է նա:
- Միացյալ Նահանգները դիմել է Տոկիոյին՝ խնդրելով տեղակայել Tomahawk թեւավոր հրթիռներ եւ երկար հեռահարության գերձայնային հրթիռներ (LRHW) կղզիների առաջին շղթայի երկայնքով՝ Չինաստանին հակազդելու համար։
- Global Times-ը Չինական բանակի զորավարժությունները անվանել է Մաքքարթնիի Թայվան այցի «նախապատրաստություն»: Այս քայլը կարելի է դիտարկել որպես Մաքքարթիի նախազգուշացում այն մասին, որ նա չպետք է հետևի իր նախորդի՝ Նենսի Փելոսիի օրինակին։ Մաքքարթին հայտարարել է, որ մտադիր չէ հաշվի առնել Չինաստանի իշխանությունների կարծիքը Թայվան ուղեւորությունների պլանավորման համատեքստում:
- Չինաստանի ավիացիոն արդյունաբերությունը խնդիր է դրել 2023 թ-ին արագացնել «Կունցզին-500Ա» հեռահար ռադարային հայտնաբերման ինքնաթիռների արտադրության տեմպերը։
- Չինական բանակի արեւելյան հրամանատարությունը շարունակում է ցամաքային զորքերի կազմավորումների նախապատրաստումը Թայվանական սցենարին։
- Չինաստանի առափնյա պահպանությունն ունի մոտ 150 նավ, այդ թվում՝ Չինաստանի ՌԾՈւ կազմից փոխանցված 056 տիպի 22 ֆրեգատները։
- Մոտ ժամանակներս Չինաստանը նախատեսում է սերիական արտադրության մեջ գործարկել «Jian-15T» ՌԾՈւ համար նախատեսված տախտակամածային կործանիչը։
- Թայվանի ՊՆ-ն հայտարարել է, որ Թայվանը կարագացնի ռազմական նշանակության ԱԹՍ-ների մշակումը՝ հաշվի առնելով Ուկրաինայում ՌԴ ԶՈւ հատուկ ռազմական գործողությունը և Չինաստանի կողմից սպառնալիքը։
- Արեւելյան հրամանատարության ցամաքային զորքերի 73-րդ բանակի, բանակային ավիացիայի 73-րդ բրիգադի հրամանատարությունը զորավարժություններ է անցկացրել Թայվանի ուղղությամբ։
Ռուսաստան
- «Wall Street Journal» ամերիկյան պարբերականը հայտնել է, թե հունվարին բարձրաստիճան իրանցիներ մեկնել են Ռուսաստան։ Ըստ թերթի Մոսկվան և Թեհրանը բանակցություններ են վարում Ռուսաստանի տարածքում հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման շուրջ, որը կարող է պոտենցիալ արտադրել մինչև 6000 դրոն։ Իրանցիները այցելել և դիտարկել են գործարանի տարածքը։ Թերթը հայտնել է նաև, որ Իրանն ու Ռուսաստանը ծրագրում են «Շահիդից» վտանգավոր ԱԹՍ ստեղծել։
- Հարավ-աֆրկյան Հանրապետության պաշտպանության ազգային ուժերին առաջարկվել է ԱՄՆ-ի հետ ռազմածովային զորավարժություններ անցկացնել, սակայն նրանք հրաժարվել են և փոխարենը պատրաստում են «Mosi II» զորավարժություններին Ռուսաստանի և Չինաստանի հետ այս ամսվա վերջին:
- «The New York Times» պարբերականը գրել է, որ Ֆրանսիան 25 տոկոսով ավելացրել է իր արտահանումը Ռուսաստան։ Պորտուգալիան ևս գրեթե 10 անգամ ավելացրել է` 2022 թվականի օգոստոսի դրությամբ։ Գերմանիան շարունակում է մնալ Ռուսաստանից-ԵՄ ապրանքների ամենամեծ ներկրողը՝ 2022թ. ընթացքում կարճ ժամանակով զիջելով այդ դիրքը Իտալիային։
- Ռուսաստանի ՊՆ շահերից ելնելով՝ ստեղծվում է երկրի բոլոր եղանակային հեռահար զոնդավորման արբանյակային համակարգ (Հետախուզական արբանյակներ), ընթանում են փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
- «Алмаз – Антей» օդատիեզերական պաշտպանության կոնցեռնը մասնակցում է NAIS 2023-ի հոբելյանական 10-րդ ազգային ցուցահանդեսին և քաղաքացիական ավիացիայի ենթակառուցվածքների ֆորումին: Կոնցեռնի գլխավոր տնօրեն Յան Նովիկովը վստահ է, որ Ռուսաստանում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համակարգը սկզբունքորեն բերվել է նոր ավելի բարձր մակարդակի:
Թուրքիա
- Թուրքիայի և Պակիստանի համատեղ «Աթաթուրք» զորավարժությունը մեկնարկել է Պակիստանի կողմից կազմակերպված արարողությամբ։ Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ զորավարժությանը մասնակցում են արագ արձագանքման և հատուկ նշանակության ուժերի անձնակազմը։ Զորավարժությունը նպատակ ունի զարգացնել զինված ուժերի համագործակցությունն ու համակարգված փոխգործակցելու կարողությունը։
- Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների վաճառքն ուղղակիորեն կապված է այն բանի հետ, թե արդյոք Թուրքիան կվավերացնի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը ՆԱՏՕ-ին։ Երկու կուսակցություններից սենատորների խումբը ստորագրել է նախագահ Բայդենին ուղղված գրության տակ, որ չեն կարող կանաչ լույս տալ ինքնաթիռների վաճառքի համար, քանի դեռ Անկարան չի հաստատել Սկանդինավյան երկրների միացումը Ալյանսին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հավանություն չի տա ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտին։
- ԱՄՆ ռազմածովային ուժերի «USS Nitze» հրթիռային կործանիչը խարիսխ է գցել Բոսֆորում, ապա լքել նեղուցը։ Թուրքիան 2022 թ. փետրվարի 24-ից չի թույլատրում ռազմանավերի մուտքը Սև ծով՝ առաջնորդվելով Մոնտրյոյի կոնվենցիայով։
- Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում 7.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի կողմից հարյուրավոր շենքեր են ավերվել, լրջորեն տուժել են Դիարբեքիրը, Մալաթիան, Քահրամանմարաշը, Հաթայը, Քիլիսը և այլն։ Երկրաշարժից գրեթե ամբողջությամբ ավերվել է Մարաշ քաղաքը։
- Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնել է, որ գիշերվա տվյալներով երկրաշարժի զոհերը 5434 են, վիրավորները՝ 31777։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1712-ի, վիրավորներինը՝ 3649-ի:
- Թուրքիան պաշտոնապես դիմել է ՆԱՏՕ-ին երկրաշարժի հետեւանքների վերացման, որոնողական ջոկատների տեղակայման եւ դեղորայք ստանալու համար։
- Կենտրոնական Թուրքիայում շարունակվում են 5,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները:
Հնդկաստան
- Հնդկաստանը 2023-2024 ֆինանսական տարում կավելացնի պաշտպանական բյուջեն։ Նախատեսվում է հատկացնել 5,94 տրիլիոն ռուփի (72,6 միլիարդ դոլար), ինչը 13% – ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը՝ 5,25 տրիլիոն ռուփի (64,08 միլիարդ դոլար): 1,63 տրիլիոն ռուփի կազմում է պաշտպանական ծախսերը, ներառյալ՝ զենքի գնում, Չինաստանի հետ սահմանին ռազմական ենթակառուցվածքների կառուցում, 571,4 միլիարդ ռուփի (7 միլիարդ դոլար) ռազմաօդային ուժերի զարգացման համար, ներառյալ ինքնաթիռների գնումը, 242 միլիարդ ռուփի (3 միլիարդ դոլար) ռազմածովային ուժերի համար նավեր կառուցելու համար, 2,77 տրիլիոն ռուփի ուղղվելու է զինծառայողների դրամական բավարարումն ու նպաստը ապահովելուն, 1,38 տրիլիոն ռուփի ՝ ռազմական կենսաթոշակների և այլ հոդվածների համար, Հնդկաստանի ընդհանուր պաշտպանական բյուջեն գնահատվում Է ՀՆԱ-ի 2%-ը:
- ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները բանակցություններ են վարում՝ Չինաստանի հետ ռազմական տեխնիկայի, կիսահաղորդիչների եւ արհեստական ինտելեկտի ոլորտներում մրցակցության ստեղծման շուրջ։
- Հնդկաստանը շրջապատող երկրի նավահանգիստների մեծ մասը կառուցված է Չինաստանի տրամադրած միջոցներով, այդ թվում ՝ Կարաչի խորը ծովային տերմինալը և Պակիստանի Գվադար նավահանգիստը, Մյանմարի Կիաուկպյու նավահանգիստը, Մյանմարի Լամու նավահանգիստը և Շրի Լանկայի Համբանտոտան: Նավահանգիստներից մի քանիսը ամբողջությամբ պատկանում են Չինաստանին, իսկ մյուսներն ունեն չինական մասնաբաժնի մի մասը։
- Հնդկաստանի զինված ուժերը կգնեն ազգային արտադրության 800 դրոն ՝ Հնդկաստան-Չինաստան սահմանը վերահսկելու համար։ Անօդաչու թռչող սարքերը կնվազեցնեն հետիոտնային պարեկների անհրաժեշտությունը և կնվազեցնեն Նյու Դելիի և Պեկինի միջև զինված բախումների հավանականությունը:
- Հնդկաստանի ռազմածովային ուժերի տախտակամածային ավիացիան մշակել և կատարել է «Վիկրանտ» ավիակրից թռիչքներն ու վայրէջքները։
- Հնդկաստանի Կարնատակա նահանգում փետրվարի 6-ին խոշոր ուղղաթիռային գործարան է բացվել։ Արտադրական հզորությամբ գործարանը կարող է տարեկան արտադրել առնվազն 1000 միավոր ավիատեխնիկա։
Իրաք
- Թուրքիան ավելացնում է Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին գտնվող իր կողմից վերահսկվող անցակետերի թիվը: Երկու տարվա ընթացքում 50-ից ավելի անցակետ է կառուցել: Այդ ամենը նպաստել է տեղի բնակչության արտագաղթին: Թուրքիան շուրջօրյա ռեժիմով անօդաչու թռչող սարքերի միջոցով վերահսկում է տարածքի շարժը: «Reuters» գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի ռազմական գործողություններն Իրաքյան Քուրդիստանում անտեսվում են աշխարհի կողմից, ինչը լուրջ ճգնաժամ կարող է առաջացնել տվյալ ռեգիոնում։
- Իրաքի Բաշիք շրջանի մոտ՝ Մոսուլից 12 կմ հյուսիս, առավոտյան հրթիռ է արձակվել թուրքական Զիլքան ռազմաբազայի ուղղությամբ։ Ըստ հաղորդված տեղեկությունների՝ մարդկային կորուստներ չկան, իսկ հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել իրանամետ «Ահրար ալ-Իրաք» կազմակերպությունը, որը նաև սպառնացել է Թուրքիային։ Բազայի ուղղությամբ արձակվել է յոթ հրթիռ, որոնցից երկուսն ընկել են բազայի ներսում։ Հարձակման պատասխանատվությունն ստանձնած իրանամետ «Ահրար ալ-Իրաք» կազմակերպությունը Թուրքիային անվանել է զավթիչ և հայտարարել, որ եթե Թուրքիան դուրս չգա Իրաքից, իրենք հարձակումներ են իրականացնելու նաև Թուրքիայի տարածքում։
Սիրիա
- Սիրիայում երկրաշարժից տուժել են Համա, Հալեպ և Լաթաքիա Նահանգները։
- ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողներն ու ռազմական ենթակառուցվածքի օբյեկտները չեն տուժել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Հմեյմիմ ավիաբազան աշխատում է բնականոն ռեժիմով։
- Թուրքիայի հարավային շրջաններում և Սիրիայի հյուսիսում շարունակվում են փրկարարական աշխատանքները փետրվարի 6-7-ը տեղի ունեցած երեք հզոր երկրաշարժերից հետո, որոնք խլել են ավելի քան 7 հազար 700 մարդու կյանք։ Ընդհանուր առմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով, տուժած շրջաններում մոտ 23 միլիոն մարդ է ապրում։ Կազմակերպությունը նախազգուշացրել է, որ զոհերի ընդհանուր թիվը կարող է գերազանցել 20 հազարը։
Իսրայել
- Փետրվարի 1-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը կրկին խոստացել է հրթիռային հարված հասցնել Իսրայելին։
- Իսրայելի ՌՕՈւ մարտական ինքնաթիռներն մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման։
- ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ուղղակիորեն մեղադրել է Իսրայելին հունվարի 29-ին Սպահանի ռազմական օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման համար պատասխանատվության մեջ:
- Իսրայելի ռազմածովային ուժերը Կարմիր ծովում լրացուցիչ ռազմանավեր եւ սուզանավեր են տեղակայում՝ իրանական սպառնալիքին հակազդելու նոր ծրագրի շրջանակներում:
- Փետրվարի 5-ին հրթիռային տագնապ է հնչել Իսրայելի հարավում։ Նշվում է օդում պայթյունների մասին։
- Սիրիան դիմել է Իսրայելին ուժեղ երկրաշարժի հետևանքների վերացման հարցում օգնության համար։
ՆԱՏՕ
- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դրական կպատասխանի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտին, եթե Ֆինլանդիան համարժեք դիրքորոշում որդեգրի Թուրքիայի հետ հարաբերություններում։
- Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը պահպանում է ռազմական չեզոքությունը և չի անդամակցի ՆԱՏՕ-ին։
- ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ներկայացուցիչներ Ջուլիան Սմիթը և Ջաֆար Հուսեյնզադեն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։
- ՆԱՏՕ-ի երկրները Բալթյան տարածաշրջանի երկնքում ԱՄՆ-ի մասնակցությամբ անցկացրել են «հավասար ուժերով հակառակորդի» կողմից սպառնալիքի դիմագրավման ռազմաօդային զորավարժություններ։
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը օգնություն է ուղարկելու ուժգին երկրաշարժից տուժած Թուրքիային։
ՀԱՊԿ
- ՀԱՊԿ միացյալ շտաբում տեղի է ունեցել շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հանդիպումը ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության կոմիտեների նախագահների խորհրդակցության մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2023 թվականին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման և գործունեության գերակա ուղղությունների հարցերը:
- «Ավարտվել է Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ թռիչքային-մարտավարական վարժանքները։ Ցույց է տրվել շտաբների աշխատանքում բարձր համահունչություն, ինչպես նաև ռուս և բելառուս օդաչուների վստահ համատեղ գործողություններ»,- ասված է Բելառուսի ՊՆ հայտարարության մեջ։

