«Այգի» ռեստորանի գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աշոտ Մուրադյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում` «Այգի» ռեստորանում (ք. Երևան, Նոր Արեշ):
ՍԱՏՄ-ից հայտնում են՝ պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով:
.Մասնավորապես՝ արտադրական տարածքի կառույցը նախագծմամբ չի բացառել կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, բորբոսի առաջացումը մակերեսներին, միջատների ներթափանցումը,
. պատերը նորոգ վիճակում չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ նյութերից և հեշտ լվացվող չեն,
. սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն եղել նորոգ և բարվոք վիճակում,
. չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կրծողների մուտքը սննդամթերքի պատրաստման տարածք կանխելու ուղղությամբ,
. աշխատակիցները չեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները և չեն կրել համապատասխան, մաքուր, պաշտպանիչ հագուստ:
. ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:


