Ադրբեջանը, ԱՄՆ-ը և Իսրայելը դաշնակիցնե՞ր են
Օրերս Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրապարակավ պարծենում էր, որ Իրաքում իսրայելցիները ոչնչացրել են «իրանցիներին և իրանական բազաները»: «Իրանցիների» վերաբերյալ իր ստերը թողնենք հրեա վարչապետի խղճին։ Նրան պարզապես անհրաժեշտ էր ինչ-որ կերպ ամրապնդել իր ռազմատենչ հայտարարությունները, թե Իսրայելը միանալու է Պարսից ծոցում ամերիկյան «Պահակ» ռազմածովային պահակախմբին, ինչպես նաև Իրանի հասցեին իր «խոստումներն» ու սպառնալիքները: Ճշմարտությունը շատ ավելի պարզ դուրս եկավ: Իրաքի «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» աշխարհազորի (որին, ի դեպ, վաղուց տրվել է իրաքյան բանակի ստորաբաժանումների կարգավիճակ) հրամանատարությունը օգոստոսի 21-ին հայտարարել է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել այս ռազմականացված զորամիավորմանը պատկանող ռազմական պահեստների վրա:
«Ալ-Հաշդ աշ-Շաաբիի» հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը հայտարարել է, որ իսրայելական չորս անօդաչու սարքեր Իրաքը ռմբակոծել են Ադրբեջանի տարածքից, ապա ավելացրել․ «Այս տարի ամերիկացիներն Ադրբեջանում տեղակայել են իսրայելական չորս ինքնաթիռներ: Ամերիկացիները խլացնում են ցանկացած այլ ինքնաթիռների՝այդ թվում նաև իրաքյան ՌՕՈՒ, էլեկտրոնային համակարգերը»: Մուհանդիսը հայտարարել է, որ իրեն հասանելի են Ադրբեջանում տեղակայված իսրայելական անօդաչու թռչող սարքերի թռիչքների, վայրէջքների և գործողությունների մասին ամբողջ տեղեկատվությունը: Մուհանդիսն ընդգծել է, որ առանց Իրաքի կառավարության թույլտվության «Ալ-Հաշդ աշ-Շաաբին» իր շտաբի և հենակետերի ուղղությամբ թռչող ցանկացած օտարերկրյա օդանավ դիտարկվելու է որպես «թշնամու թիրախ» և գործելու են համարժեքորեն:
Պատճառը շատ պարզ է․ 80-90 տոկոսով «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» աշխարհազորի միավորումները կազմված են շիաներից, և իրանցի ռազմական խորհրդատուները ակտիվորեն օգնում են նրանց: Աշխարհազորը սերտորեն կապված է իրանական ԻՀՊԿ-ի հետ, իսկ երբեմն նաև համագործակցում է Կորպուսի հետ: Ահա թե ինչու Իսրայելը որոշեց, հարվածներ հասցնելով «Ալ-Հաշդ աշ-Շաաբիի» շտաբներին և պահեստներին, փորձել պատերազմի կիզակետը Սիրիայից տեղափոխել Իրաք՝ Իրանի սահմաններին ավելի մոտ: Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը օժանդակել է Իսրայելին անօդաչու սարքերն Ադրբեջան տեղափոխելու հարցում, մենք իրավունք ունենք ենթադրել, որ դրանք Իրանի դեմ ուղղված՝ Վաշինգտոնի և Թել Ավիվի համատեղ հետախուզադիվերսիոն գործողությունների բաղադրիչներն են: Եվ պատահական չէ, որ օգոստոսի 24-ին հաղորդագրություն է տարածվել, որ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պատրաստվում է այցելել Բաքու: Անկասկած, բանակցությունների հիմնական թեման լինելու է Ադրբեջանի տարածքից Իրաքին հարվածներ հասցնելու դեպքը։ Ըստ երևույթին, թռիչքն իրականացվել է Նախիջևանի կամ Թուրքիայի օդային տարածքով: Քանի որ եթե անօդաչու սարքերը թռչեին իրանական օդային տարածքով, ապա դրանք կխոցվեին ճիշտ այնպես, ինչպես Իրանը վերջերս Պարսից ծոցում խոցեց ԱՄՆ անօդաչու սարքը:
Ըստ էության, Իսրայելը հաստատեց, որ դա իր գործողությունն էր: Ադրբեջանը լռում է: Համացանցում այդ մասին քննարկումներ են ծավալվում։ Քննարկումների ադրբեջանամետ և իսրայելամետ մասնակիցները հայտարարում են, որ իրաքյան շիաների պնդումները կեղծ են: Մինչդեռ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին շտապեց Ռուսաստան: Եվ պարզ է, որ նա կփորձի համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «զսպել» Իրանին, որպեսզի Սիրիայում այլևս ոչ ոք չհարվածի թուրքերին, և ոչ ոք Անկարայից «փոխհատուցում» չպահանջի Իրաքում Իսրայելին դավաճանական աջակցության համար:
Կարող եմ ավելացնել միայն, որ օգոստոսի 23-ին ես հանդիպում եմ ունեցել Հայաստանում Իրանի դեսպանատանը, և զրույցի ընթացքում զրուցակիցներս հաստատել են, որ իսրայելական անօդաչուները գրոհել են Իրաքը հենց Ադրբեջանից: Ճիշտ է, մենք չենք հստակեցրել, թե կոնկրետ որ տարածքից: Բայց տվյալ դեպքում դա էական չէ: Հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչ գին են վճարելու Իրանին և նրա դաշնակիցներին հանցագործության մասնակիցներ Թուրքիան և Ադրբեջանը: Իսկ Հայաստանը պետք է հաշվի առնի, որ Իրանի դեմ պայքարում դաշնակիցները նաև Հայաստանի թշնամիներն են, չմոռանալով իսրայելական անօդաչուների մասնակցությունը 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմում:
Սերգեյ Շաքարյանց


