Ինչո՞ւ է խելագար Նենսի Փելոսին Թայվանում, նա միշտ խնդիրներ է առաջացնում․ Դոնալդ Թրամփ
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ Վաշինգտոնի և Պեկինի միջև լարվածության ֆոնին Թայվան այցելելու որոշման համար, գրում է skynews.com-ը։
Փելոսին երեքշաբթի երեկոյան վայրէջք է կատարել Թայպեում՝ դառնալով ԱՄՆ ամենաբարձրաստիճան ընտրված պաշտոնյան, որը Թայվան է այցելել 1997 թվականից ի վեր:
«Ինչո՞ւ է խելագար Նենսի Փելոսին Թայվանում: Միշտ խնդիրներ է առաջացնում: Նա ամեն ինչ վատ է անում», – գրել է Թրամփը իր Truth Social հարթակում:
Նախկին նախագահը նախազգուշացրել էր Փելոսիին Թայվան հնարավոր այցի առնչությամբ՝ ասելով, որ նա չպետք է խառնվի Չինաստանի և Թայվանի հարաբերություններին, քանի որ միայն կվատթարացնի իրավիճակը:
«Չինաստանի խառնաշփոթը վերջին բանն է, որում նա պետք է ներգրավվի. նա միայն կվատթարացնի իրավիճակը: Այն ամենին, ինչին նա կպչում է, վերածվում է քաոսի, խափանումների և խաբեության»,- գրել է նախկին նախագահը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի օդանավը վայրէջք է կատարել Թայպեի օդանավակայանում։ Չինաստանը հայտարարել է, որ Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է։
Նախօրեին Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել էր, որ Չինաստանի իշխանություններն արդյունավետ ուժ կկիրառեն Փելոսիի Թայվան այցի դեպքում։
Թայվանի հարցը Վաշինգտոնի և Պեկինի հարաբերություններում առանձնակի կարևորություն է ձեռք բերել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին։ ՉԺՀ-ն ընդգծում է, որ պատմական և քաղաքական պատճառներով նմանություններ տեղին չեն, և պահանջում է չմիջամտել ներքին գործերին։ ԱՄՆ-ը, պաշտոնապես պահպանելով «մեկ Չինաստանի սկզբունքը» և չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թայպեի հետ, ոչ միայն կապեր է պահպանում կղզու հետ, այլև պարբերաբար զենք է մատակարարում այնտեղ։

